Մայիսի 6-ին Ջավախքում տոնում են Ծռատոնը: Ուխտի են գնում տարբեր սրբավայրեր, մոմ վառում, աղոթում և օրը վերածում իսկական տոնախմբության:

Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղի բնակիչները վաղ առավոտից ուխտի են գնում Սուրբ Գևորգի անունը կրող եկեղեցի և խնդրում սրբի բարեխոսությունն իրենց մերձավորների համար: Այնուհետև, ձևավորված ավանդույթի համաձայն Խանդո գյուղի ավարտական դասարանի աշակերտները սկսում են երգել ու պարել, իսկ մնացածները շրջան են կազմում և ծափահարում: Մինչև երեկո երիտասարդները քեֆ են անում ու ուրախանում: Ըստ ավանդության, եթե այս օրը չտոնես, հակառակ դեպքում, իհարկե դա սնահավատություն է, ապա մեղապարտի ձեռքն ու ոտքը կծռվի:

Ջավախքում այս տոնը կոչվում է «ծռատոն»։ Այս օրը ոչ ոք գործ չի անում, վախենալով, որ կծռվի։ Մարդիկ հավատում են, որ հնում շատերը գործ են արել և անմիջապես ձեռքերը, ոտքերը ծռվել են։ Իսկ եթե ստիպված էին որեւէ անհետաձգելի բան անել, ապա, պատժից խուսափելու նպատակով, դրանից անմիջապես հետո մի քիչ գարի էին ցանում։ Հավատում էին, թե ցանած գարին ծուռ է դուրս գալիս՝ իր վրա կրելով Սբ. Գեւորգի պատիժը։

Ծռատոնին հղի կանանց Ջավախքում արգելում են գործ անել, հատկապես կտրող, ծակող իրեր օգտագործել: Խանդո գյուղում Ջավախքի տարբեր անկյուններից եկած ուխտավորները հավաստիացնում են, որ այսօր էլ, եթե հղի կինը դանակով գործ է անում, ապա ծննդաբերությունից հետո երեխայի վրա նշան է լինում: Ահա այս պատճառով էլ Ջավախքում մայիսի 6-ը բառիս բուն իմաստով ոչ աշխատանքային օր է:

Ծռատոնը, որ այսքան տարածված է մեզանում, չնայած իր մեջ կրոնական տարրեր է պարունակում, և ժողովուրդը այցելում է այս կամ այն սրբատեղի, սակայն ոչ մի կապ չունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցի և տոների հետ:

«Քրիստոնեական տոները լինում են կամ Տերունի, որոնք նվիրված են Հիսուս Քրիստոսին, կամ Սրբոց, որոնք նվիրված են Եկեղեցու Սրբերի հիշատակին, բայց սա ոչ մի կապ չունի որևէ քրիստոնեական իրողության հետ: Ծռատոն բառն իսկ հուշում է, որ ոչ մի քրիստոնեական բովանդակություն չի կարող ունենալ այս տոնը: Եվ ամենավատն այն է, որ այս ծռատոնին բազմաթիվ հավատալիքներ կան, որոնք հեթանոսական արմատներ ունեն, սնահավատության դրսևորումներ կան, որոնք միանշանակ մերժվում են Եկեղեցու և քրիստոնեության կողմից»,- ասաց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

xando15

xando16

xando14

xando13

xando12

xando10

xando9

xando8

xando6

xando7

xando5

xando4

xando3

xando2

xando1

Աղունիկ Այվազյան, Ջուլիետա Տոնականյան