Մայիսի 1-ին, Ախալցիխեի Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ տեղի ունեցավ հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և շարքային բնակիչների հանրահավաքը՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման։
Հանրահավաքին մասնակցում էին բազմաթիվ տեղական լրատվամիջոցներ, այդ թվում՝ SKnews, TOK TV, Metskhre arkhi, Jnews, Borjomi TV և այլք, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Ախալքալաքից և Ախալցիխեից, Ախալցիխեի բնակիչներ և երիտասարդներ։
Չնայած այն հանգամանքին, որ նման բողոքի ակցիաները շրջանում պոպուլյար չեն, ցույցին մոտ 100 մարդ էր մասնակցում։
Ելույթ ունեցողները խոսեցին այն օգուտների մասին, որոնք ստանում են տարբեր խոցելի խմբերն արտաքին ֆինանսավորմամբ ՀԿ-ների գործունեության արդյունքում։ Նրանք նաև իրենց դիրքորոշումը հայտնեցին այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունման վերաբերյալ, որն ի վերջո միտված է ճնշելու քաղաքացիական հասարակությանը և Վրաստանի իշխանությունների ազատ քննադատությանը։
Նշենք, որ եթե օրենքը ընդունվի, սպառնալիքի տակ կհայտնվեն բոլոր վերոնշյալ կազմակերպությունները և լրատվամիջոցները, որոնք ամեն օր տեղեկացնում են շրջանի բնակչությանը։