Էխտիլա գյուղում սկսվել են փոքր մարզադահլիճի կառուցման աշխատանքները, որը ֆինանսավորում են հենց գյուղի բնակիչները։ Աշխատանքների մեկնարկի առաջին օրն ու հիմնարկեքի արարողությունն ուղեկցվել է ճաշկերույթով և պարով։

ixtila

ixtila-2

Մարզադահլիճը կառուցվում է Էտթիլա գյուղի հին դպրոցի տեղում, որն արդեն երկար տարիներ է չի գործում։ Գաղափարը գյուղի երիտասարդներին է պատկանում։ Երկհարկանի մարզադահլիճը՝ 33×19 մետր պարագծով, կունենա փոքր ֆուտբոլ, վոլեյբոլ, թենիս, վարժասարքերով մարզասրահ, հանդերձարան, ցնցուղ։ Թվարկվածներից կարող են օգտվել ոչ միայն գյուղի բնակիչները, այլև ամբողջ մունիցիպալիտետի բնակիչները:

ixtila5

ixtila6

Բնակիչներն իրենք են միջոցներ հավաքում շինարարության համար։

«Սա միլիոն դոլար արժողությամբ ծրագիր է, մինչ այժմ մոտ 100 000 ենք հավաքել, սա բավական է սկիզբ դնելու համար»,- ասաց գյուղի բնակիչներից մեկը։

Հին դպրոցի տնօրեն, համայնքից նախկին պատգամավոր Սլավիկ Մարաբյանն ընդգծում է, որ Էխտիլայի բնակիչները շատ համախմբված են։

«Մեր գյուղն ընդհանրապես առանձնահատուկ է, իր բնությամբ, իր մարդկանցով: Մենք միշտ փորձել ենք օգնել իրար, միասին լինել: Մենք առաջին անգամը չէ, որ գյուղի համար ինչ-որ բան ենք անում համատեղ ուժերով: Այստեղ դպրոցի շենքն էր, ես թույլ չտվեցի, որ այն վաճառվի, և այսօր իմ ցանկություններից մեկն իրականացավ՝ այս տեղում մարզասրահ կառուցելը»,- ասաց նա։

ixtila4

ixtila3

Մարզասրահ կառուցելու նախաձեռնությունը գյուղի երիտասարդներին էր պատկանում՝ Նահապետ Գալստյանի գլխավորությամբ։ Նա կազմակերպեց գործընթացը, համախմբեց գյուղի բնակիչներին, ովքեր գտնվում են թե՛ գյուղում, թե՛ արտերկրում։

«Սա ոչ միայն մեր գյուղի համար է լինելու, այլ նաև մյուսների: Մեր սեփական ուժերով ենք անում, կապ չունի՝ գյուղում ես ապրում, թե 10 տարի առաջ գնացել ես, եթե դու Էխտիլայից ես, ապա պետք է մասնակցես։ Մենք դա կանենք մեր ուժերի ներածին չափով, հետո իշխանությունները խոստացել են օգնել»,- մեկնաբանեց նա։

Գյուղի բնակիչներն իրենց գաղափարը բացատրում են նրանով, որ ամռանը գյուղացիներն ժամանցի վայր չունեն, գյուղում բաց փոքր-մարզադաշտ կա, ուստի մտահղացում է ծնվել՝ կառուցել փակ մարզադահլիճ, որից կարելի է օգտվել ձմռանը: Բնակիչները նախատեսում են շինարարությունն ավարտել մինչև 2026 թվականը։

Էխտիլա գյուղում այժմ կա մոտ 250 տուն։ Տղամարդկանց 90%-ը արտագնա աշխատանքի է մեկնում։ Գյուղում կա դպրոց, սակայն մանկապարտեզ չկա։ Էխտիլայից երեխաներին տանում են Բարալեթ գյուղի մանկապարտեզ։