Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզները 5 օրյա կարանտինից հետո, վաղվանից՝ մայիսի 1-ից կընդունեն երեխաներին, սակայն միայն այն դեպքում, եթե երեխան առողջ է։

Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզները փակվել էին ապրիլի 26-ից մինչև 30-ը ներառյալ։ Կարանտինի գլխավոր դրդապատճառը ջրծաղիկի և սեզոնային սուր շնչառական վարակների տարածման կանխումն էր։

Ախալքալաքի առողջապահական կենտրոնի աշխատակիցները շրջել են բոլոր մանկապարտեզներով տարածված հիվանդությունների բացահայտման նպատակով։ Հիմա արդեն մանկապարտեզներում կատարվել են ախտահանման աշխատանքներ։

«Մաքրած և ախտահանված են բոլոր մանկապարտեզները։ Կրկին անգամ հորդորում ենք ծնողներին, որ հիվանդ երեխաներին չտանեն մանկապարտեզ, քանի որ այդ դեպքում երեխային չեն ընդունի, որպեսզի մյուսներին չվարակեն», – ասաց Սիրանուշ Տոնականյանը։

Հատկանշական է, որ երեխաները կգնան մանկապարտեզ միայն մայիսի 1-ին և 2-ին։ Մայիսի 3-ից մինչև 10-ը ներառյալ արձակուրդ է, մայիսի 11-12-ը՝ շաբաթ-կիրակի։ Մայիսի 3-ը և 6-ը Զատկական տոների առթիվ են ոչ աշխատանքային, մայիսի 9-ին նույնպես տոն է: 2024 թվականի մայիսի 7-ը, 8-ը և 10-ը ևս հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն արդեն ստորագրել է փաստաթուղթը։ Ըստ այդմ, կառավարության որոշմամբ և հաշվի առնելով հանգստյան օրերը, աշխատանքային օրերը կվերսկսվեն մայիսի 13-ից։