Վրաստանը 2023 թվականի դեկտեմբերին երկար տարիների փորձերից հետո ստացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Կարգավիճակը տրվել է ինը քայլերից բաղկացած ցանկի հետ միասին, որոնց կատարման ավարտից հետո Վրաստանը կանցնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններին։ Այնուամենայնիվ, կառավարության նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ուղղակիորեն հակասում է 9 կետերից երկուսին, որոնք պետք է կատարի Վրաստանը. դա քաղաքացիական հասարակության գործունեության ազատության ապահովումն ու ԵՄ-ի և նրա արժեքների դեմ ապատեղեկատվության դեմ պայքարն է:
Այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը երկրորդ անգամ խորհրդարան ներկայացրեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը՝ նույն բովանդակությամբ, բայց այլ անվանումով և այն ընդունեց առաջին ընթերցմամբ, դրան հետևեց արձագանքն եվրոպական շատ երկրների և կառույցների կողմից։
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շեշտում է Բեռլինի դիրքորոշումը «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի վերաբերյալ, որը կրկին առաջ է քաշվել «Վրացական երազանք»-ի կողմից։
«Հարգելի Կոբախիձե, Գերմանիայի դեսպանը ճիշտ է մեջբերում մեր կանցլերին: Ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Բունդեսթագի ճնշող մեծամասնությունը կտրականապես դեմ է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին։
Խնդրում ենք հետ կանչե՛ք օրինաքիծը: Լիակատար համերաշխություն վրաց ժողովրդին, որը ցույցեր է անկացնում հանուն Եվրոպական Միության արժեքների»,- գրել է Միխայել Ռոթը X սոցիալական ցանցում։
Այս հարցի շուրջ իր դիրքորոշումն է հայտնել նաև Եվրամիությունը։ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը մեկնաբանել է Վրաստանի իշխող կուսակցության մտադրությունը՝ ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրենք, որը պաշտոնապես կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»։
«Ուզում եմ հստակ ասել. «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը չի համապատասխանում Վրաստանի ձգտումներին դեպի Եվրամիություն և նրա անդամակցության հետագծին։ Դա Վրաստանին չի մերձեցնելու Եվրամիությանը, այլև հեռացնելու է»,- ասել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը:
Վրաստանի իշխող կուսակցությունը, ի պատասխան քննադատության, մեղադրում է արևմտյան գործընկերներին «երկրի ներքին գործերին չափազանց մեծ միջամտության մեջ»։
Բացասական վերաբերմունք են հայտնել նաև Վրաստանի մյուս արևմտյան գործընկերները, օրինակ՝ ԱՄՆ-ը։ Միացյալ Նահանգները կարծում է, որ Վրաստանում քննարկվող «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը անհամատեղելի է թափանցիկության ապահովման հայտարարված նպատակի հետ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտը։
«Մեր տեսակետն այն է, որ նմանատիպ օրենսդրությունն օգտագործվել է Կրեմլի և այլ երկրների կողմից՝ խարանելու և ճնշելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և ԶԼՄ-ներին: Նման օրենսդրական գործունեության ծավալումը տեղին չէ, եթե ենթադրյալ նպատակը՝ թափանցիկության գործակցումն է»,- հայտարարել է նա։
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վրաստանում քննարկվող «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը «հետքայլ» է որակել։
«ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թբիլիսիում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի կապակցությամբ։ Վրաստանի՝ որպես ՆԱՏՕ-ի թեկնածուի համար, գլխավորն այն է, որ ունենա համապատասխան շրջանակ՝ ապահովելու լրատվամիջոցների ազատությունը և քաղաքացիական հասարակության մասնակցությունը: Այս նախագիծը հետքայլ է և չի նպաստում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը»,- գրել է Կոլոմինան «Х» սոցցանցում։
Վրաստանի փորձագիտական հանրությունը կարծում է, որ նման քայլը կհեռացնի Վրաստանը Եվրամիությունից և կփոխի երկրի արտաքին քաղաքականության վեկտորը, և՝ ոչ միայն։
«Եվրամիությունում նման օրենք ընդունելու Հունգարիայի փորձը, թեև այն ընդունեց նման օրենք, բայց հետո Եվրամիության դատարանը քննեց այս օրենքը, գտավ, որ այն խախտում է մարդու իրավունքները, խախտում է մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները և ցույց տվեց, որ այն խախտում է նույնիսկ եվրոպական օրենսդրության հիմունքները, և չեղյալ համարեց այս օրենքը 2014 թվականին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) եզրակացություն ընդունեց Ռուսաստանի օրենքի վերաբերյալ և որոշեց, որ այն հակամարդասիրական է, հակաժողովրդավարական, որ այն պետք է արգելվի Ռուսաստանում, ինչպես նաև տուգանք դրվի Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս տուգանք վճարի 70 ռուսական կազմակերպություններին, որոնց վերաբերում է օրենքը, ինչի հետևանքով պատճառվել է բարոյական և նյութական վնաս՝ որպես օտարերկրյա գործակալ պիտակավորված լինելու պատճառով: Ուստի եվրոպական կողմն արդեն հստակ կողմնորոշվել է «ռուսական տիպի» օրենքի առնչությամբ, որն ընդունելի չէ Եվրամիության և եվրոպական տիրույթի համար։ Եվ երբ արդեն Վրաստանը պատրաստվում է անդամակցել Եվրամիությանը, բնականաբար, եվրոպական պետություններն ու կառույցները բոլորը միաձայն ասացին, որ նման օրենք չի կարող ընդունվել, այլապես Վրաստանը չի կարող շարժվել դեպի Եվրամիություն։ Նման օրենք ունեցող երկրում մենք ոչ մի բանակցություն չենք սկսի Եվրամիության հետ, և նույնիսկ սպառնալիք կա, որ նրանք հետ կվերցնեն մեր թեկնածուի կարգավիճակը, որը մենք ձեռք ենք բերել մեծ դժվարությամբ»,- ասում է «Ռոնդելի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Կախա Գոգոլաշվիլին: