Ախալքալաքում շտապօգնության նոր շենքն արդեն կառուցված է, շինարարությունն ավարտին հասցնելու համար մնացել են արտաքին աշխատանքները, որոնք հետաձգվել էին ձմռան եղանակային ծանր պայմանների պատճառով, աշխատանքները կվերսկսվեն ապրիլի կեսերից, նշում են կառուցապատողները։
Շենքը կառուցված է, տեղադրվել են դռներն ու պատուհանները, ներսում անց է կացվել հաղորդակցությունը, սակայն անհրաժեշտ է ասֆալտապատել բակը, կատարել ճակատային և այլ աշխատանքներ, այս մասին հայտնել են շտապօգնության նոր շենքի կառուցման մրցույթում շահած կառուցապատողները։
«Շտապօգնության շենքի ներքին հարդարումն ամբողջությամբ ավարտված է, մնում է ավարտին հասցնել արտաքին աշխատանքները՝ սա շենքի ճակատն է, ցանկապատը, շենքի շրջակա տարածքի ասֆալտը։ Քանի որ մեր մոտ դեռ ցուրտ է, նախատեսում ենք սկսել արտաքին հարդարման աշխատանքներն ապրիլի կեսերից»,- ասում է կառուցապատող Վարդան Չոլախյանը։
Հիշեցնենք, որ Ախալքալաքում շտապօգնության նոր շենքի շինարարությունը սկսվել է օգոստոսի 3-ին։ Այն գտնվում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բակում՝ շտապօգնության հին շենքի դիմաց։
Նոր շենքի կառուցման մրցույթը հայտարարել է Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։ Նախնական գումարը կազմել է 459 451 լարի, մրցույթը շահել է Ախալքալաքից անհատ ձեռներեց Սերգեյ Չոլախյանը՝ 420 200 լարիի չափով։
2019 թվականից Վրաստանում մեկնարկել է մինչև 300 կլինիկաների վերակառուցման, ավելի քան 100 նոր կլինիկաների և 40 շտապ օգնության կենտրոնների կառուցման նախագիծը։ Այդ ժամանակ Կառավարությունը 20 մլն լարի էր հատկացրել ծրագրի իրականացման համար, որն ընդգրկում էր տարբեր մունիցիպալիտետներ, այդ թվում՝ Ախալքալաքը։
Սկզբում Ախալքալաքում շտապօգնության շենք կառուցելու տեղ չէին կարողանում գտնել, ուստի նոր շենքի կառուցումը ձգձգվում էր։ 4 տարի պահանջվեց՝ տեղը որոշելու և այն շինարարությանը նախապատրաստելու համար։ Նշենք, որ նոր շտապ օգնության կենտրոնի շինարարությունը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից։