Այսօր Ախալքալաքի քաղաքապետարանը սակրեբուլոյի հաստատմանն է ներկայացրել 2023 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու նախագիծը: Կատարված փոփոխությունների համաձայն՝ առանձին գումար է հատկացվել քաղաքի լուսացուցների սպասարկման համար:
Քաղաքապետարանի Էկոնոմիկայի զարգացման և կառավարման ծառայության ներկայացրած նախագծով բյուջեում 561 հազար 042 լարիի փոփոխություն է կատարվել, որից 20 հազար լարին կուղղվի Ախալքալաք քաղաքի լուսացույցների սպասարկմանը:
Ինչպես Jnews-ին հայտնեց քաղաքապետը՝ էլեկտրոնային մրցույթ կհայտարարվի, որի շրջանակներում հաղթողի հետ պայմանագիր կկնքվի երկու տարի ժամկետով:
«Պետք է էլեկտրոնային մրցույթ հայտարարենք սպասարկման ընդհանուր ծառայութուններ մատուցելու համար։ Միշտ նամակներ ենք գրում, դիմում ենք մասնագետների, մեկը համաձայնում է, մյուսը չի համաձայնում, որպեսզի նմանատիպ խնդիրների առաջ չկանգնենք որոշեցինք առանձին գումար ենք հատկացնե», – ասաց քաղաքապետ Մելքոն Մակարյանը:
Նշենք, որ Ախալքալաքի Մաշտոց-Ազնավուր փողոցների խաչմերուկի լուսացույցն անցած տարվա օգոստոս ամսից չի աշխատում:
Խնդիրը նրանում է, որ լուսացույցի էլեկտրալարերի գույները բոլորը նույնն են ցույց տալիս, թերությունը կարող է վերացնել միայն կոնկրետ մասնագետը, և ոչ բոլոր էլեկտրագործներն են, որ կարողանում են այն միացնել։
Ախալքալաքի քաղաքապետարանից վստահեցնում են, որ մոտակա օրերին կհայտարարվի էլեկտրոնային մրցույթ և հաղթողը կնորոգի նաև Մաշտոց-Ազնավուր փողոցների խաչմերուկում տեղադրված լուսացույցը: