Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով, կառավարությունը քննարկում է Եվրամիությանն անդամակցելու գաղափարը։ Այս մասին նա հայտարարել է թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը մոտ ապագայում անդամակցի Եվրամիությանը, թե՞ Երևանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի անդամակցությամբ, Միրզոյանը նշել է.
«Հաշվի առնելով բոլոր այն մարտահրավերները, որոնց մենք բախվեցինք վերջին երեք-չորս տարիներին՝ Հայաստանն ակտիվորեն դիտարկում է նոր հնարավորություններ։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ այս ցուցակում է նաև Եվրամիությանն անդամակցելու գաղափարը։ Հայաստանի ժողովուրդը եվրոպական նկրտումներ ունի, և, ինչպես ասացի, մենք անցնում ենք այս գործընթացով։ Տեսնենք, թե ինչպես կավարտվի, ոչ ոք այս պահին չի կարող կանխատեսել»,- ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարը։