Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի Գենդերային հավասարության խորհուրդը ներկայացրել է երկամյա գործողությունների ծրագիրը։ Աշխատանքային պլանում ավելացվել են նոր գործողություններ:
Ախալքալաքի սակրեբուլոյի գենդերային հավասարության խորհուրդը մշակել է նոր գործողությունների ծրագիր, որը ներառում է նաև նոր գործողություններ, որոնք նախկինում չեն իրականացվել։ Այդ նպատակով Գենդերային հավասարության խորհուրդն ուսումնասիրել է նաև հարևան մունիցիպալիտետների փորձը: Օրինակ, աշխատանքային նոր գործողությունների ծրագիրը ներառում է կետ ընտանեկան բռնության զոհերի վերաբերյալ:
«Գործողությունների ծրագրի հոդվածներից մեկն ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության զոհերի կամ ենթադրյալ զոհերի համար աջակցության ծրագիր մշակելն է։ Նման ծրագիր կա հարևան մունիցիպալիտետներում, օրինակ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում կան գրանցվածների կոնկրետ թվեր։ Քանի որ մենք չունենք պետական կացարաններ, պետք է աջակցել այդ մարդկանց: Դա նշանակում է 6 ամիս ժամկետով կամ օրենքով նախատեսված միջոցներով հատկացնել բնակարան վարձելու համար, սակայն դա այն դեպքում, եթե տուժողը դատարանի կողմից ընտանեկան բռնության զոհ է ճանաչվել: Նինոծմինդայում մի քանի տարի է, ինչ բյուջեում նման հոդված կա, բայց ոչ մի լումա չի ծախսվել: Մենք դրա համար պետք է միջոցներ հատկացնենք»,- ասում է պատգամավոր Սեդա Մելքումյանը։
Նոր նախագիծը ներառում է նաև «Մոր և երեխայի խնամքի» բարելավման ծրագիր:
«Այս տարի Գենդերային հավասարության խորհուրդը մտադիր է նորածինների նպաստում հավելավճար ներդնել, քանի որ կարծում ենք, որ արված հավելավճարը շատ փոքր է առաջին երկու երեխաների համար: Մունիցիպալիտետում նման ծրագրեր պետք է լինեն՝ նպաստելու ծնելիության մակարդակի աճին։ Ծախսերը մեծ են, իսկ ստացված նպաստն իսկապես այնքան փոքր է, որ մենք իրավունք չունենք բողոքելու, որ մարդիկ չեն ցանկանում երեխա ունենալ կամ ծնելիությունը ցածր է: Երկու տուփ տակդիրն 90 լարի է, դա բավարար է ընդամենը երկու շաբաթվա համար»,- ասում է Սեդա Մելքումյանը։
Սեդա Մելքումյանն պատմեց նաև, որ մունիցիպալիտետի պլանի համաձայն՝ գենդերային հավասարության հարցերով պետք է աշխատի հատուկ քարտուղար, որի պարտականություններն ու իրավունքները կկազմվեն, և նիստի ընթացքում դրանք որպես ամբողջական փաթեթ կներառվեն աշխատանքային պլանում։ Նա նաև նշեց, որ Ախալքալաքի քաղաքապետարանում կա գենդերային հավասարության հարցերով պատասխանատու անձ, որը պետք է իրականացնի տվյալ գործունեությունը։
«Օրեր առաջ Խորհրդարանից նամակ ստացանք, որում պահանջվում է տեղեկություններ մունիցիպալիտետում նախկինում ապրած և ապրող հաջողակ կանանց մասին, որպեսզի նրանց մասին տեղեկատվությունը հասանելի լինի ողջ հանրապետությունում, որոնց անուններով կկոչվեն փողոցներ, պուրակներ և այլն։ Մեր մունիցիպալիտետում նման փորձ կա, այո, մենք ունենք պուրակ՝ նմանատիպ կնոջ անունով: Այս տեղեկատվությունը կուղարկենք իրենց, բայց այս գործընթացը շարունակական է, այս հարցը նույնպես ներառված է մեր ծրագրում»,- ասաց Սեդա Մելքումյանը։
Պատգամավորի խոսքով՝ Գենդերային հավասարության խորհրդի աշխատանքային պլանի կազմման աշխատանքները կատարվել են քաղաքապետարանի հետ համատեղ, որը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ ֆինանսապես։ Գործողությունների ծրագրում հաշվի են առնվում սոցիալապես անապահով ընտանիքների, սահմանափակ կարողություն ունեցող անձանց՝ կանանց, երեխաների և այլնի շահերը։ Գենդերային խորհուրդը ծրագրում ներառել է նաև նոր մարզական և մշակութային միջոցառումներ: