Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնի (ՀԱԿ) գրության հիման վրա, աշակերտների ցածր հաճախելիության և շրջանում վիրուսային հիվանդությունների տարածվածության պատճառով, Ախալքալաքի մունիցիպալիտետի 6 մանկապարտեզ մեկ շաբաթով, կարանտինի նպատակով, փակվում են ։
Փետրվարի 5-ից 11-ը կարանտինի նպատակով փակվում են Ախալքալաքի բոլոր 3 նախադպրոցական հաստատությունները (թիվ 1, թիվ 2, թիվ 3), ինչպես նաև Խանդո, Բարալեթ և Ազավրեթ գյուղերի մանկապարտեզները։ Հանրային առողջության կենտրոնը հաճախելիության մշտադիտարկում է իրականացրել մունիցիպալիտետի մանկապարտեզներում և արձանագրել ցածր հաճախելիություն: Արդյունքում, մանկապարտեզները, որտեղ Հանրային առողջության կենտրոնը գրանցել է հաճախելիության 40%-ից ցածր ցուցանիշ, խորհուրդ է տվել փակել կարանտինի նպատակով։
«Երեխաները հիվանդ են, ուսուցիչները հիվանդ են: Գրիպի պատճառով է, թեև ասում են, որ երեխաների շրջանում կան նաև կարմրուկով և աչքի վիրուսով հիվանդ երեխաներ։ ՀԱԿ առաջարկությամբ մենք փակվում ենք։ Ազավրեթում 67 երեխայից միայն 8-ն էր հաճախում, իսկ Բարալեթում՝ 130 երեխայից՝ 18-ը»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը։
Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնում (ՀԱԿ) ասում են, որ խուճապի պատճառ չկա։
«Մանկապարտեզներում մշտադիտարկում ենք արել, պարզել ենք, որ որոշ երեխաներ չեն հաճախել ցրտի պատճառով, մի քանիսը հիվանդ են եղել: Տեղեր են եղել, որտեղ 200 երեխայից 38-ն են հաճախել: Մենք մտածեցինք, որ լավ կլինի, եթե մեկ շաբաթով փակենք, վիրուսը մի քիչ կթուլանա: Առանձնահատուկ բան չկա, ամեն տեղ նույն վիճակն է, անհանգստանալու կարիք չկա»,- ասում է Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։
Վերջինիս խոսքով, երեխաների մոտ կարմրուկ ու աչքի հիվանդություն շրջանառվում է, սակայն պաշտոնապես գրանցված դեպքեր չկան։