Նինոծմինդայի մունիցիպալիտետում հասարակական վայրերում կտեղադրվեն 22 տեսահսկման տեսախցիկներ, այս մասին հայտնում է Radio NOR-ը։
Նինոծմինդայում հսկողության տեսախցիկների ձեռքբերման և տեղադրման մրցույթը կայացել է և ընթանում է փաստաթղթերի ստորագրման գործընթացը։
Ըստ Radio NOR-ի՝ վերջին շրջանում հասարակական վայրերում մունիցիպալ գույքի վնասման դեպքերը հաճախակիացել են, այդ իսկ պատճառով Նինոծմինդայի քաղաքապետարանը որոշել է հսկողության տեսախցիկներ տեղադրել։ Տեսախցիկները կտեղադրվեն Հայոս-Քարթլոս և քաղաքի կենտրոնական զբոսայգիներում, ինչպես նաև քաղաքապետարանի տարածքում։
Համաձայն մրցույթի՝ քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 22 տեսախցիկ, ինչպես նաև լարեր, կոշտ սկավառակներ, մոնիտորներ և այլ անհրաժեշտ սարքեր։ Տեսախցիկների ձեռքբերման և տեղադրման համար տեղական բյուջեից հատկացվել է 17 հազար լարի։ Մրցույթը շահել է անհատ ձեռնարկատեր Վրեժ Հարությունյանը՝ 13 650 լարի գումարով։