Դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանը կսկսի կառավարության կազմի լսումները, որոնք վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիայի կողմից ներկայացվել են վստահության արտահայտման համար: Նախարարների կաբինետի անդամների թեկնածուների հետ մեկտեղ խորհրդարան է ներկայացվել «Եվրոպական պետության կառուցման համար» 2021-2024 թվականների կառավարական ծրագիրը:
Դեկտեմբերի 21-ին տեղի կունենա խորհրդարանական հանձնաժողովների (Ֆինանսաբյուջետային, Ագրարային հարցերի, Ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության, Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների, Տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման) համատեղ նիստը, որի ընթացքում կլսեն համապատասխան գծով նախարարների թեկնածուներին:
Վաղը, Եվրոպական ինտեգրման, Սփյուռքի և Կովկասի հիմնախնդիրների և միջազգային հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում հանդիպում տեղի կունենա Արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրված Դավիթ Զալկալիանիի հետ:
Դեկտեմբերի 22-ին թեմատիկ լսումները կշարունակվեն հանձնաժողովների համատեղ նիստերում:
Դեկտեմբերի 23-ին կառավարության անդամի թեկնածուների հետ հանդիպումը տեղի կունենա «Վրացական երազանք» խմբակցության ձևաչափով, իսկ դեկտեմբերի 24-ին հարցը կհանվի լիագումար նիստի:
Նախարարների կաբինետը վստահություն ստանալու համար ներկայացվել է խորհրդարան հետևյալ կազմով.
Վարչապետ՝ Գիորգի Գախարիա,
Արտաքին գործերի նախարար` Դավիթ Զալկալիանի,
Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Մայա Ցքիտիշվիլի,
Արդարադատության նախարար՝ Գոչա Լորթքիփանիձե,
Ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի,
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար` Նաթիա Թուրնավա,
Ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանի,
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար` Միխեիլ Չխենկելի,
Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարար` Էկատերիե Տիկարաձե,
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարար` Լևան Դավիթաշվիլի,
Պաշտպանության նախարար՝ Իրակլի Ղարիբաշվիլի,
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարար՝ Թեա Ախվլեդիանի:
Կառավարության հետ միասին, վստահություն ձեռք բերելու համար խորհրդարան է ներկայացվել նաև կառավարության նոր ծրագիրը: