Վրաստանի խորհրդարանի դիմաց այս պահի դրությամբ 10 վրան է տեղադրված: Տարածքում են գտնվում բողոքի ցույցի մի քանի մասնակիցներ, ովքեր գիշերել են վրաններում: Այս պահին խորհրդարանի դիմացի տարածքը մաքրում են համապատասխան ծառայության աշխատակիցները:
Խորհրդարանին հարող տարածքում շարունակում են մնալ պարեկային ոստիկանության աշխատակիցները և շտապօգնության խումբը:
Բողոքի ցույցը խորհրդարանի դիմաց կվերսկսվի երեկոյան 19:00-ին:
Հիշեցնենք, որ ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի մի քանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 14-ին, երբ խորհրդարանը չընդունեց ընտրական օրենսդրության սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
Բացի այդ, 2019 թ. հունիսին ցույցերը դադարեցրին մեծ հաշվով հենց այն պատճառով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ընդառաջեց ցուցարարների պահանջներին և անձամբ խոստացավ հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և ընդունել համամանական (կուսակցական) ընտրակարգ՝ զրոյական ընտրական շեմով:
Հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են 2020թ.:
Ընտրական բարեփոխումների նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 150 պատգամավորներից 113-ի ձայնը: Սակայն նոյեմբերի 14-ին տեղի ունեցած քվեարկության ընթացում փոփոխությանը կողմ քվեարկեց միայն 101 պատգամավոր: Հիմնականում քվեարկությունից զերծ մնացին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները:
Նույն օրը ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիսները հայտարարեցին անժամկետ բողոքի ակցիաներ սկսելու մասին, վրանային ճամբար խփեցին Ռութավելի պողոտայում և հրաժարվեցին հեռանալ, մինչև իրենց պահանջները չբավարարեն: