Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների համար սննդամթերք գնելու մրցույթներին տեղական ընկերություններն ու ձեռներեցները չեն մասնակցում, և մանկապարտեզների մթերքը չեն գնում տեղում, այլ հիմնականում Թբիլիսիում։ Jnews-ը փորձեց պարզել, թե ինչու տեղի ձեռներեցները չեն մասնակցում մրցույթներին։
Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 17 մանկապարտեզ, որից 2-ը այլընտրանքային (առանց սննդի) են, իսկ 15 մանկապարտեզում սաներին սնում են։
Մանկապարտեզների սննդամթերքը գնում են պետական գնումների մրցույթներում շահած ընկերությունները։ Այս տարի, ամենայն հավանականությամբ, Ախալքալաքի երեխաներին սնունդով կապահովի Ախալցիխեի «Կումի» ընկերությունը։ Ընկերությունը շահել է տարբեր պարենային ապրանքների մատակարարման բոլոր մրցույթները։ Որոշ մրցույթներ արդեն ավարտված են, որոշները փաստաթղթերի պատրաստման փուլում են։ Մրցույթին «Կումի»-ի հետ միասին մասնակցել են ընկերություններ Թբիլիսիից և Ասպինձայից, որոնք տարբեր պատճառներով որակազրկվել են։
2019 և 2020 թվականներին Ախալքալաքի մանկապարտեզներին սնունդ է տրամադրել Աբասթումանիում գրանցված «Նեբա» ընկերությունը։
2021 թվականին արտադրանքը մատակարարել է ձեռնարկատեր Սերգո Մուրջիկնելին։
2022, 2023 և 2024 թվականներին «Կումի» ընկերությունը հաղթել է մանկապարտեզների միավորման մրցույթներում երեխաներին սննդով ապահովման մրցույթը։
2019 թվականից մինչև 2024 թվականը տեղական ընկերություններն ու ձեռնարկատերերը չեն մասնակցել Ախալքալաքի մանկապարտեզների սննդի գնման որևէ մրցույթի։ Ախալքալաքի շրջանի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, տեղական ընկերությունները չեն մասնակցում մրցույթներին, քանի որ չունեն համապատասխան փաստաթղթեր և տեխնիկա։
Բացի այդ, երեխաների համար սննդամթերքի անվտանգության պահանջներից ելնելով, մատակարարները պետք է սննդամթերքը ներկայացնեն համապատասխան փաստաթղթերով, որոնք հնարավոր չէ ձեռք բերել Ախալքալաքում, հետևաբար սննդամթերքը հիմնականում գնում են Թբիլիսիում։
«Կումի» ընկերությունից ասում են, որ զբաղվում են սննդի մատակարարմամբ ողջ Վրաստանում։
«Մենք տանում ենք Կախեթ, Սամեգրելո, Քվեմո Քարթլի, Ռաճա, այնպես որ մեր շրջանում բաշխումը մեզ համար խնդիր չէ: Մենք հաշվարկել ենք բոլոր ծախսերը, և այն մեզ ձեռնտու է: Ապրանքների մեծ մասը մենք գնում ենք Թբիլիսիից», – ասաց «Կումի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դաթո Մուրջիկնելին:
Ամեն երկուշաբթի առավոտյան սննդամթերքը մանկապարտեզներ է առաքվում, իսկ հացն ամեն օր են ստանում։ Մատակարարող ընկերությունը պայմանագիր է կնքել տեղական փռերի հետ, որոնք հացով ապահովում են ամեն օր։
Մունիցիպալիտետի 17 մանկապարտեզում գրանցված է 1273 երեխա։