2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել օրենսդրական և կանոնակարգային բազմաթիվ փոփոխություններ, որոնք վերաբերում են Վրաստանի բացարձակապես բոլոր բնակիչներին։
Դրանց թվում են թոշակառուների կենսաթոշակների ինդեքսավորումը, կոմունալ ծառայությունների նոր սակագները և շինանյութերի շուկայի նկատմամբ վերահսկողության խստացումը։ Այս և այլ փոփոխությունները՝ մեր նյութում:
Ավտոմեքենաների ներմուծման սահմանափակում
2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել մինչև 2013 թվականը արտադրված թեթև մարդատար ավտոմեքենաների Վրաստան ներմուծման արգելքը։ Բացառություն են կազմում միայն այն տրանսպորտային միջոցները, որոնց տրանսպորտավորումը սկսվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը։
Նոր կանոնները չեն տարածվում Վրաստան մուտք գործող արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաների վրա, սակայն դրանք երկրում չի հաջողվի վաճառել։ Վրաստանում արտասահմանյան հաշվառման համարանիշներով կարելի է մեքենան վարել 90 օր։
10 տարեկանից ավելի մեքենաները դեռ կարող են ներմուծվել վերաարտահանման համար։
Սպասվում է, որ մինչև 2013 թվականը արտադրված ավտոբուսների և բեռնատարների երկիր ներմուծման սահմանափակումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։
Ամառային անվադողերի գործածման արգելք
2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանում վարորդներից պահանջվում է բարձրալեռ շրջաններում ձմեռային անվադողեր օգտագործել դեկտեմբերից մարտ ամիսներին։
Այժմ պարեկային ոստիկանությունը վերահսկում է մեքենաները բարձրալեռ շրջաններում, կիրճերում և այլ գոտիներում: Համապատասխան անվադողեր չունեցող մեքենաների մուտքն այդ տարածքներ արգելվում է։
Եթե վարորդը չի ենթարկվում ոստիկանության պահանջներին, ապա նրա մեքենան կարող է ուղարկվել տուգանային տարածք և նշանակվել տուգանք 100 լարիի չափով։
Նաև, անհրաժեշտության դեպքում, ՆԳՆ-ն հնարավորություն կունենա վարորդներին պարտավորեցնել օգտագործել անվաշղթաներ՝ նախապես տեղեկացնելով այդ մասին քաղաքացիներին։
Էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում
2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բոլոր բաժանորդների համար մեկ կիլովատտի դիմաց նվազել է երեք թեթրիով։
Թբիլիսիում այժմ գործում են հետևյալ սակագները.
մինչև 101 կվտ սպառման համար՝ 15 թեթրի մեկ կիլովատտը,
մինչև 301 կՎտ՝ 19 թետրի մեկ կիլովատտը,
ավելի քան 301 կՎտ՝ 23,5 թեթրի մեկ կիլովատտը:
Սակագները մարզերում.
Սպառումը մինչև 101 կՎտ՝ 14,731 թեթրի մեկ կիլովատտը,
մինչև 301 կՎտ՝ 15,707 թեթրի մեկ կիլովատտը,
ավելի քան 301 կիլովատ՝ 23,227 թեթրի մեկ կվտ,
Առևտրային բաժանորդների համար սակագինը 29,646-ից նվազել է մինչև 26,646 թեթրի մեկ կիլովատի դիմաց (ներառյալ ԱԱՀ):
Առևտրային բաժանորդների համար գազի և ջրի վարձավճարի բարձրացում
Ջրամատակարարման արժեքը 2024 թվականի հունվարի 1-ից Թբիլիսիի, Մցխեթայի և Ռուսթավիի առևտրային բաժանորդների համար աճել է ավելի քան մեկ երրորդով՝ 35%-ով։
Այժմ Թբիլիսիում և Մցխեթայում 1 խմ ջրի համար վճարում են 8,88 լարի՝ 6,5 լարիի փոխարեն։ Ռուսթավիում գինը բարձրացել է 2,8 լարիով, սակագինը դարձել է 6,5 լարի 1 խորանարդ մետրի համար։
Ֆիզիկական անձանց համար գազի սակագինը մեկ խորանարդ մետրի համար 1,24 լարիից դարձել է 1,29 լարի (ներառյալ ԱԱՀ): Սա վերաբերել է մոտ 20 հազար առևտրային բաժանորդների։ Բնակչության համար գազի սակագինը չի փոխվել։
Թբիլիսիում բեռնատարների երթեւեկության սահմանափակում
2024 թվականի հունվարի 1-ից Թբիլիսիի առանձին շրջաններում պիկ ժամերին սկսվել է սահմանափակվել խոշոր մեքենաների (M3, H2 և H3 կատեգորիաների) տեղաշարժը։
Սահմանափակումները գործում են ժամը 08:00-ից 11:00-ն և 17:00-ից 20:00-ն, բացառությամբ հանգստյան օրերի և օգոստոսի, երբ քաղաքը դատարկվում է արձակուրդային շրջանի պատճառով:
Նոր կանոնները չեն տարածվում հասարակական տրանսպորտի, դպրոցական ավտոբուսների, «արտակարգ և կյանքին վտանգ սպառնացող միջադեպերին արձագանքելու» կամ քաղաքային կամ պետական ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար անհրաժեշտ տրանսպորտի վրա:
Նոր ստանդարտներ ատամնաբուժական կլինիկաների համար
Նոր կանոնների համաձայն՝ ատամնաբուժական կաբինետների տարածքը պետք է որոշվի բանաձևով՝ հիմնական ատամնաբուժական աթոռի համար առնվազն 12 քմ և յուրաքանչյուր լրացուցիչ աթոռի համար՝ առնվազն 6 քմ։
Առողջապահության նախարարությունը հստակեցրել է նաև վարակի կանխարգելման, վերահսկման, մանրէազերծման-ախտահանման և բժշկական թափոնների կառավարման չափանիշները։ Այժմ, մասնավորապես, ատամնաբուժական կլինիկաներից պահանջվում է ապահովել աշխատողների կանխարգելիչ իմունիզացիա հեպատիտ B-ի դեմ և հեպատիտ C-ի սկրինինգ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։
Կենսաթոշակի աճ
Տարեկան ինդեքսավորման շրջանակներում հունվարի 1-ից մինչև 70 տարեկան քաղաքացիների կենսաթոշակն ավելացել է 20 լարիով և կազմել 315 լարի, իսկ բարձր լեռնային բնակավայրերում՝ 380 լարի։
70 տարին լրացած քաղաքացիների համար կենսաթոշակները բարձրացել են 50 լարիով՝ դառնալով 415 լարի, իսկ բարձր լեռնային բնակավայրերում՝ 490 լարիի։
Շինանյութերի շուկայում վերահսկողության ուժեղացում
2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանում վաճառվող ևս 17 տեսակի ապրանքներ անցել են որակի և անվտանգության հսկողության համակարգին։ Էկոնոմիկայի նախարարության վերահսկողության գործակալությունն այժմ ստուգում է ցեմենտի, կերամիկական սալիկների, առաստաղի հարդարման կոնստրուկցիաների մետաղական ապրանքների և գիպսաստվարաթղթե պատերի որակը։ Խոսքը ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ներմուծվող ապրանքների մասին է։
Այլ փոփոխություններ.
Հանրային դպրոցների և մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերի բարձրացում:
Միջին օղակի բուժանձնակազմի համար նվազագույն ժամավճարի ներդրում:
Նոր բանաձեւի համաձայն՝ այժմ Վրաստանում կրտսեր բժիշկը պետք է ամսական ստանա առնվազն 960 լարի, բուժքույրի օգնականը՝ ամսական առնվազն 672 լարի, մանկաբարձուհին՝ ամսական առնվազն 844 լարի, սանիտարները՝ ամսական առնվազն 576 լարի։
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հրամանագիր, համաձայն որի՝ պետությունն ամբողջությամբ կֆինանսավորի քաղաքացիների քրոնիկական հիվանդությունների դեմ դեղերը։
Աղբյուրը՝ Newsgeorgia