Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 23-ի ցերեկային ժամերից մինչև դեկտեմբերի 26-ը Վրաստանում սպասվում են բարդ օդերևութաբանական պայմաններ, մասնավորապես՝ անձրև, տեղ-տեղ ուժեղ քամի, լեռնային և բարձր լեռնային շրջաններում առատ ձյուն, մառախուղ, բուք և ձնահյուս: Ծովում հնարավոր է սաստիկ փոթորիկ՝ մինչև 6 բալ ուժգնությամբ։

Գործակալության տեղեկություններով՝ ճանապարհների առանձին հատվածներում առատ ձյան, վատ տեսանելիության, բքի և ձնահյուսի վտանգի պատճառով հնարավոր է երթևեկության սահմանափակումներ։

«Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Արևմտյան Վրաստանի գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացմանը, իսկ լեռնային շրջաններում սողանքների և սելավների առաջացմանն ու ակտիվացմանը», – նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։