Նախաամանորյա ժամանակահատվածում Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունները խստացնում են հսկողությունը փշատերև ծառերի հատման և փոխադրման ուղղությամբ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ Ազգային անտառտնտեսության գործակալության «Մի՛ հատիր եղևնին» արշավին միացել են հայտնի դեմքեր և կրկին կոչ են արել բնակչությանը տոնի առթիվ օգտագործել արհեստական տոնածառ։
Առաջին անգամ փշատերև ծառերի հատման, փոխադրման և իրացման կարգը խախտելու համար տուգանքը կազմում է մինչև 2000 լարի, իսկ այն կրկնելու դեպքում՝ 5000 լարի, դրան գումարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի չափը։ Եթե վնասի չափը գերազանցում է 1000 լարին, անձի նկատմամբ կիրառվում է քրեական պատասխանատվություն։
«Փշատերև բույսերը օրինական ճանապարհով կարելի է ձեռք բերել տնկարաններից, տնկարկներից, տնամերձ հողատարածքներից, ինչպես նաև ներմուծել: Օրինական ճանապարհով ձեռք բերված բույսերի իրացման դեպքում վաճառողը պետք է ներկայացնի ծառի օրինական սեփականության իրավունքը հաստատող համապատասխան փաստաթուղթ: Եթե փշատերև բույսը ձեռք է բերվում մասնավոր հողամասից կամ արհեստականորեն աճեցվում է տնկարանում, բույսերը փոխադրելու համար անհրաժեշտ է տեղական մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից տրված ծագման վկայական»,- ասվում է տարածված տեղեկատվության մեջ։