Ջավախքի հայ բնակչության ինտեգրման գործընթացը սկսվել է ավելի քան 20 տարի առաջ և հասել է որոշակի մակարդակի, որից հետո, տեղական փորձագետների կարծիքով, առաջընթաց կլինի, երբ ավագ սերունդն այլևս կենդանի չի լինի:
Ախալքալաքի վրացական դպրոցում անցկացվող պարի դասին դատարկ տեղեր չկան, տարբեր ազգերի երեխաներ՝ վրացիներ, հույներ, հայեր, այստեղ վրացական պարեր են սովորում պարուսույցի մոտ, ով դասերը վարում է հիմնականում վրացերենով, երբեմն անցնում է ռուսերենի, եթե նա զգում է, որ երեխաները չեն հասկանում, թե ինչ է ինքն ասում: Ծնողները կարծում են, որ սա լավագույն միջոցն է պետական լեզվի ու մշակույթի հետ առնչվելու, ինտեգրվելու։ Հաճախ «Մուրջի» համույթը շրջում է Վրաստանի տարբեր քաղաքներով, երեխաները ծանոթանում են երկրին, որի քաղաքացին հանդիսանում են։ Նման ինտեգրման մասին 20 տարի առաջ կարելի էր միայն երազել:
Այս 20 տարիների ընթացքում ինտեգրման խնդիրն արդեն փոխվել է։ Եթե նախկինում հանդիպումներին պահանջվում էր թարգմանություն հասանելի լեզվով՝ հայերեն կամ ռուսերեն, ապա այժմ հանդիպումներին հիմնականում մասնակցում են այն երիտասարդները, ովքեր ավելի ինտենսիվ են ուսումնասիրում պետական լեզուն դպրոցներում, իսկ հետո՝ 1+4 ծրագրով համալսարանում։ Սակայն ավագ սերնդի ինտեգրման հարցում փոփոխություններ չկան։
Ըստ ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչ Մախարե Մացուկատովի, ով 90-ականների վերջից զբաղվում է ինտեգրման խնդիրներով, ինտեգրումը պահանջում է փոխադարձ ցանկություն, նրա կարծիքով՝ պետությունն ինքը պետք է շահագրգռված լինի այս գործընթացով, ինչն արտացոլվում է ոչ միայն պետական լեզվի իմացությամբ, այլ նաև մարզերի ապակենտրոնացմամբ, որտեղ ազգային փոքրամասնությունները խիտ բնակեցված են:
«Մենք լիովին ինտեգրված չենք և չենք կարողանա ինտեգրվել, եթե ինքնին պետության կառավարման համակարգը չփոխվի մարզերի հետ կապված: Եվ նորից՝ լինի դա ապակենտրոնացում, թե տնտեսական դիվերսիֆիկացում: Մենք բազմաթիվ նախագծեր ենք իրագործել, քայլեր արվել են, որպեսզի համապետական կյանքին ինտեգրվենք: Հարց է առաջանում՝ իսկ Թբիլիսին մեզ հետ ինտեգրո՞ւմ ուզում է: Հարցն արդեն այսպես է դրված: Նրանք չէին ուզում, չեն էլ ուզում: Օրինակ՝ մենք չենք կարող լուծել ինչ-որ հարց տեղում: Ինչո՞ւ: Բոլորը պետք է հարցնե՞ն Թբիլիսիից»,- ասում է նա։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շրջանների ապակենտրոնացման ցանկության բացակայության հիմնական պատճառը մասամբ «անջատողականություն» բառն է, որը պարզապես պատրվակ է, ինչպես կարծում են շատերը, այդ թվում՝ շրջանում աշխատող հասարակական կազմակերպությունները։
«Անջատողականությունը, որի մասին նախկինում խոսում էին, որպես հիմնավորում գուցե կարող էր լինել 90-ականներին, բայց այսօր, եթե ինչ-որ մեկը խոսում է դրա մասին, նշանակում է, որ ուղղակի շահ ունի այս թեմայից: Ուրեմն նրան պետք է ցույց տալ, որ մարզերում այդպես է տեղի ունենում։ Շատ են մանիպուլյացիաները, շատ է ապատեղեկատվությունը: Երբեմն ճանճը փիղ են դարձնում: Եթե նրանց պետք չէ, որ Ախալքալաքում ինչ-որ բան լինի, անմիջապես հիշում են անջատողականության մասին: Երիտասարդները խոսում են պետական լեզվով, իսկ ինչ վերաբերում է ավագ սերնդին՝ ժամանակի հետ նրանք չեն լինի, և հարցն ինքն իրեն կլուծվի»,- ասում է Մախարե Մացուկատովը:
Նախկինում մեկ այլ խնդիր էր ՏԻՄ աշխատակիցների շրջանում պետական լեզվի իմացության ցածր մակարդակը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի խոսքով՝ այս հարցը մեծ մասամբ լուծված է։
«Այս պահին կան բազմաթիվ նախագծեր, որոնք միտված են ինտեգրմանը. դրանք են «1+4»-ը, առողջապահական ծրագրերը, փոխգործակցությունը հաճախակիացել է և շատ ավելին: Երիտասարդները, այնուամենայնիվ, ինտեգրված են վրացական հասարակությանը: Ինչ վերաբերում է ավագ սերնդին, ապա ինտեգրման խնդիրն անհույս է: Նույնիսկ երբ գյուղերում նորարարություններ և նախագծեր ենք մտցնում, ամենից հաճախ ավագ սերունդն է հակառակվում նորարարություններին, չի ընկալում և չի ընդունում դրանք: Հետևաբար ժամանակի ընթացքում երիտասարդները կմեծանան, իսկ ավագ սերունդը պարզապես կանհետանա: Հենց այդժամ կլինի ինտեգրում: Տեղական իշխանությունները ինտեգրված են, թե՞ ոչ՝ կարող եմ ասել՝ այո, քանի որ եթե նախկինում 80%-ը չգիտեր, իսկ 20%-ը գիտեր, ապա հիմա, ընդհակառակը, աշխատակիցների 20%-ը չգիտի պետական լեզուն, իսկ 80 տոկոսը՝ գիտի»,- ասում է Նաիրի Իրիցյանը։