Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանը պատրաստակամություն է հայտում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի եւ ՀՀ միջեւ, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով»:
«Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը՝ հարավային ուղին է, որն Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ։
Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաեւ հյուսիսային ուղիով: Այս պատրաստակամությունը Հայաստանը հայտնել է պաշտոնապես»,- Երեւանում ընթացող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ ավտոճանապարհները կարող են ունենալ հյուսիսային, միջին եւ հարավային ուղի.
«Սա նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար։ Հայաստանը Խաղաղության խաչմերուկի միջոցով կարող է կապվել եւ կապել այլ երկրները հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք առանցքներով:
Հայաստանը նույն պատրաստակամությունը ցուցաբերում է նաեւ Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու առումով, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա նախկինում գոյություն ունեցած երկու ավտոճանապարհները վերակառուցելու եւ վերաբացելու առումով։ Սա նույնպես էական ազդեցություն կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ՝ միջազգային տնտեսական, քաղաքական, անվտանգության կապերի վրա»: