Երեկ գիշերը Տավշանկա սարի գագաթին բոլորը նկատեցին կարմիր սիրտ, խաչի կողքին։ Այդ սիրտը տեղադրել է Կարեն Պապաիկյանը։ Նպատակը մեկն է՝ սեր առ Աստված։

Կարենի մոտ այդտեղ սիրտ տեղադրելու միտքն առաջացել է, երբ նկատել է, որ խաչի լույսը չի վառվում և որոշել է վերականգնել այն:

«Երբ ես վերադարձա Հայաստանից, տեսա, որ խաչի լույսը չէր վառվում։ Առհասարակ ես շատ աստվածահավատ եմ, միշտ նայում էի այդ խաչին, որոշեցի, որ պետք է այդ խաչի լույսը վերականգնեմ։ Սկզբից էլեկտրիկի ուղարկեցի, չկարողացավ, հետո ես անձամբ բարձրացա, լույսը վերականգնեցի ու տեսա, որ կողքը 4 մետրանոց վահանակ կա, պատրաստի և միանգամից մտածեցի սիրտ դնել այդտեղ», – ասում է Կարենը։

1

Թե ինչու է որոշել հենց սիրտ տեղադրել, ասում է՝ խորհրդակցել է 14 և 9 տարեկան որդիների հետ։

«Փոքր որդիս ասաց՝ պապա, եթե խաչ ու սիրտ լինի, ապա դա կնշանակի Աստված սեր է, և այդպես որոշեցի տեղադրել։ Ինչ է նշանակում սիրտը՝ սեր, և խաչը՝ Աստված սեր է, ի նշան այն բանի, որ մարդիկ դարձի գան, ավելի աստվածահավատ դառնան, սեր տարածվի առ Աստված, բարիանան։ Եվ թող սա լինի վերածնունդ սիրո, որ մարդիկ միմյանց սիրեն, հարգեն, ու իրար կողքի կանգնած լինեն, ինչպես որ ինձ այս գործում ոչ ոք չմերժեց», – ասում է Կարենը։

Կարեն Պապիկյանն իր նպատակի իրագործման ճանապարհին թակել է բոլոր դռները և թույլտվություն ստացել քաղաքապետարանից։

«Ուզում եմ քաղաքապետին անձամբ շնորհակալություն հայտնել, որ ինքն օգնեց, թույլտվություն տվեց։ Ընկերներս օգնեցին, էլեկտրիկները։ Բոլորին շնորհակալություն, ովքեր իմ կողքին կանգնած էին», – հավելում է նա։

2

Կարենը մետաղյա սրտի պատրաստման աշխատանքներն իրականացրել է, այնուհետև ընկերների հետ բարձրացրել է լեռան գագաթ և տեղադրել։ Նախքան սիրտը տեղադրելը Կարենը իր մտահղացման մասին խոսել է նաև վահանակը տեղադրողի՝ Գագիկ Հարությունյանի, և խաչը տեղադրողի՝ Արթուր Մանասյանի հետ, ովքեր դեմ չեն եղել։

Մետաղյա այս կարմիր սրտի բարձրությունը և լայնութունը 4-ական մետր է։