Նոյեմբերի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից Թբիլիսիում անցկացվել է տոնական համերգ` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա տարեդարձին։
Միջոցառումն անցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հովանու ներքո և մասնակցությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Երեկոյի հյուրերի թվում են եղել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վրաստանի պետական մարմինների և խորհրդարանի ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, հասարակական-մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում Վրաստանում ՀՀ դեսպանը խոսել է Արամ Խաչատրյանի համաշխարհային համբավի մասին` նշելով վերջինիս դասական դարձած ստեղծագործությունների հեղինակությունը երաժշտագետների և երաժշտասերների շրջանում։ Ընդգծվել է կոմպոզիտորի ծննդավայրի` Թբիլիսիի թողած կնիքը վերջինիս ստեղծագործական ժառանգության վրա։
Հանդիսատեսին իր բարձր կատարողական արվեստով հիացրելէ Հայաստանի պետական կամերային նվագախումբը` դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ։
Համերգին հաջորդել է պաշտոնական ընդունելություն։
Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։