Ախալքալաքի երաժշտական դպրոցի սաներն ամեն տարի ելույթ են ունենում Թբիլիսիում անցկացվող «Ապագայի աստղեր» դասական երաժշտության ամենամյա գարնանային մրցույթին։ Այս տարի ախալքալաքցի դաշնակահարները կրկին մեծ ձեռքբերումներ ունեցան՝ երեք դափնեկիր, այդ թվում՝ առաջին տեղ և «ժյուրիի համակրանք»։
Ամեն տարի գարնանն անցկացվում է «Ապագայի աստղեր» դասական երաժշտության ազգային մրցույթը։ Այս տարի մրցույթն անցկացվեց 16-րդ անգամ։ Ախալքալաքի երաժշտական դպրոցը 7 տարի է, ինչ մասնակցում է այս մրցույթին, և այս յոթ տարիների ընթացքում լավ արդյունքներ է գրանցել։ Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրենի խոսքով, դպրոցի սաները յուրաքանչյուր տարի ստանում են դափնեկրի կոչում։ Այս տարի Ախալքալաքի երաժշտական դպրոցից 3 աշակերտ են մասնակցել՝ Վալերիա Ստելմաշովը՝ 3-րդ դասարան, Արսեն Կարապետյանը՝ 4-րդ դասարան և Վարդան Գալիվոնջյանը՝ 4-րդ դասարան:
Ազգային մրցույթի առաջին փուլն անցկացվում է Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Գորիում, Կախեթում, Բաթումիում, Քութայիսիում և այլն։ Բայց Ախալքալաքի մասնակիցները հիմնականում մասնակցում են անմիջապես երկրորդ փուլին, քանի որ նրանց մակարդակը բարձր է, և առաջին փուլում ընտրվելու կարիք չկա։
«Սա շատ պատվավոր կոչում է, մենք հպարտ ենք, դպրոցում արդեն 7 դափնեկիր ունենք: Երեկ (ապրիլի 23-ին) դափնեկիրների գալահամերգն էր, ուր մենք էլ էինք հրավիրված: Այս տարի ունենք երեք դափնեկիր, երկու մրցանակակիր: Առաջին տեղը զբաղեցրեց Արսեն Կարապետյանը, սա ընդհանրապես մեծ հաջողություն է: Դուք պատկերացնում եք ավելի քան 1700 մասնակից կար մրցույթում: Վալերիան լավագույնն էր «Ժյուրիի համակրանք» անվանակարգում, իսկ Վարդանը դարձավ այս մրցույթի հաղթողը։ Եվ իհարկե հաջող աշխատանքի համար ես ևս արժանացել եմ պատվոգրի»,- ասում է Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը։
Նշենք նաեւ, որ Արսեն Կարապետյանն արդեն երկրորդ ախալքալաքցի աշակերտն է, ով պարապում է հայտնի դաշնակահար Էլիսո Բոլքվաձեի մոտ։ Մինչ այդ Անահիտ Ստելմաշովը, ով արդեն իր տեղն է հաստատել Վրաստանում և նրա սահմաններից դուրս՝ որպես տաղանդավոր դաշնակահարուհի, սկսել էր ուսանել Բոլքվաձեի մոտ։
«Պատկերացնու՞մ եք, որ Վրաստանից ընդամենը 4 մասնակից է մեկնել Փարիզ (այս տարի), և նրանց թվում են իմ երկու սաները՝ Անահիտ Ստելմաշովն ու Արսեն Կարապետյանը, մեր քաղաքի անունը հնչեցվել է Փարիզի բեմում»,- ասում է Սվետլանա Կարոյանը։