Արդեն մեկ ամսից ավելի է Դիլիսկա գյուղի մանկապարտեզը ժամանակավոր փակ է, մինչև նոր աշխատակիցներ ընդունելը։ Մանկապարտեզի դաստիարակներն ու մենեջերը աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել։ Որպես պատճառ նշում են թմրանյութի թեստի հանձնման գնային տարբերության շուրջ առաջացած տարաձայնությունները։ Jnews-ը փորձել է պարզել, Ախալքալաքում թմրանյութի առկայության թեստերի հանձնման շուրջ առաջացած խառնաշփոթը ։
Բանն այն է, որ Դիլիսկայի մանկապարտեզում աշխատել է 6 դաստիարակ, ովքեր միաժամանակ գործից հեռանալու դիմում են ներկայացրել, այնուհետև՝ մենեջերը։ Դիլիսկա գյուղի մանկապարտեզի արդեն նախկին մենեջերի խոսքով, իրենց մանկապարտեզում նման իրավիճակ է ստեղծվել միայն Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրենի պատճառով։ Ըստ նրա վերջինս ընտանեկան բիզնես է անում և գումար վաստակում։ Մասնավորապես, Դիլիսկայի մանկապարտեզի մենեջեր Մանիկ Գաբրիելյանի խոսքով, Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը պարտադրել է մանկապարտեզի աշխատակիցներին նախօրոք իր կողմից նախանշված լաբորատորիայում թեստ հանձնել, որի համար ստիպված են եղել շատ ավելի թանկ (70լարի) վճարել, քան որևէ այլ լաբորատորիայում կհանձնեին։
«Մանկապարտեզների միավորման տնօրենը մասնավոր գործեր է անում։ Նա մենեջերների և աշխատողների վրա փող է աշխատել: Ինքը ստիպելով խաբեց աշխատողներին, որ պայմանագիր է կնքել և ասաց, որ հենց այդ մարդու մոտ պետք է անալիզ հանձնել։ պարտադրեց հանձնել տվեց։ Ընտանեկան բիզնես է դրել ինքը։ Մենք վճարել ենք 70 լարի, բայց կարող էինք անալիզը հանձնել 10 լարիով»,- ասում է Մանիկ Գաբրիելյանը։
Թեստերի հանձնման և գնային տարբերության վերաբերյալ Անահիտ Ասատուրյանն ասում է․ «Այդ անալիզն Ախալքալաքում հանձնելն արժեր 70 լարի։ Լաբորատորիան պայմանագիր ուներ Ախալցիխեի կլինիկայի հետ, այստեղ են եկել ու անալիզ վերցրել։ Եթե կարող են 10 լարի վճարել տվյալ անալիզի համար, ապա ավելի ուրախ կլինենք, քանի որ ամեն տարի պետք է հանձնեն այդ անալիզը»։
Jnews-ն Ախալքալաքում կապ է հաստատել երկու՝ Exid և Medical World լաբորատորիաների հետ, որտեղ հնարավոր է հանձնել թմրանյութի թեստ։ Թեստերը տարբեր են և ըստ այդմ՝ տարբեր է նաև դրանց արժեքը։ Եվս երկու լաբորատորիա բացվել էր կորոնավարակի ժամանակ, սակայն հիմա դրանք չեն գործում։ Ախալքալաքի ավտոկայանի տարածքում բացվել է Թբիլիսիի ախտորոշման կենտրոնի մասնաճյուղ, սակայն այնտեղ թմրանյութերի առկայության թեստավորում չի կատարվում։ Թմրանյութերի թեստ հնարավոր չէ հանձնել ինչպես Ախալքալաքի առողջապահական կենտրոնում, այնպես էլ հիվանդանոցում։
Ընդամենը երկու ամիս է, որ Medical World լաբորատորիայի Ախալքալաքի մասնաճյուղում հնարավոր է թմրանյութի թեստ հանձնել։
«Մեր լաբորատորիայում հնարավոր է հանձնել թմրանյութի թեստ, որի արժեքը 50 լարի է։ Ներկա դրությամբ, մենք թմրանյութերի թեստի մի տեսակն ենք անում, մյուս տեսակները դեռ չեն ուզել, Ախալքալաքում, որ տեսակը, որ ուզում են, դա ենք անում, այսինքն՝ երեք տեսակի թմրանյութային անալիզ է մտնում։ Կարող եմ ասել, որ մանկապարտեզի աշխատակիցներից ինձ մոտ շատ քչերն են թեստ հանձնել, օրինակ՝ ովքեր քաղաքում չեն եղել, կամ ֆիզ․ արձակուրդում են եղել, երևի ընդհանուր 10-15 հոգի, քանի որ մենք երկու ամիս է ինչ սկսել ենք այդ անալիզը վերցնել», – ասաց Medical World լաբորատորիայի մենեջեր Կարինե Խրիմյանը։
Վերջինս հավելում է՝ թմրանյութի անալիզի տեսակներ կան, ըստ այդմ՝ դրանց գները տարբերվում են։
Ցանկացած լաբորատորիա պետք է համապատասխան հավաստագիր և թույլտվույթուն ունենա, որպեսզի կարողանա կատարել թմրանյութի թեստը։
Ախալքալաքում թմրանյութի թեստ առաջինը սկսել են վերցնել Ախալցիխեի Exid լաբորատորիայի լաբորանտները։ Exid լաբորատորիան պայմանագիր ունի կնքած Թբիլիսիի IMUNO ախտորոշման կենտրոնի հետ, որտեղ էլ կատարվում է թմրանյութերի անալիզները։ Exid-ի աշխատակիցներն Ախալքալաքում աշխատել և աշխատում են տարբեր բժշկական և էսթետիկ կենտրոնների հետ։ Հիմա կոնկրետ աշխատում է ANIDENT ատամնաբուժարանի շենքում։
«Թմրանյութերի առկայության թեստերը լինում են մի քանի տեսակի։ Կա երկու թեստով, այն արժե 50 լարի, երեք թեստովը՝ 70 լարի, հինգ թեստովը՝ 80 լարի։ Տարբերությունը կայանում է նրանում, որ կատարվում է երկու, երեք և հինգ տարբեր անալիզներ։ Մանկապարտեզի աշխատակիցների համար պետք էր երեք թեստով անալիզը, որի արժեքը 70 լարի է», – ասաց Exid լաբորատորիայի լաբորանտ Աքսաննա Մուրադյանը։
Վերջինս նշեց, որ թեստերի հանձնման ընթացում խնդիր առաջացրել է Դիլիսկա գյուղից միայն մի կին։ Փոշմանել է, որ առաջարկել են ավելի լավ լուծում հարցի համար և իրենք են եկել Ախալքալաք թեստ վերցնելու։
«68 լարի արժե Ախալցիխեում այդ թեստը հանձնելը, 20 լարի էլ ճանապարհածախսն է։ Ես համարում եմ, որ մեր սխալը դա էր։ Ինձ դիմել են, որ անեմ, արել եմ, եթե տեսել են 10 լարիանոց թող գնային այնտեղ անեին», – ավելացրեց Աքսաննա Մուրադյանը։
«Հանրային աշխատանքի վերաբերյալ» Վրաստանի օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ անձը աշխատանքի ընդունվելիս պետք է ներկայացնի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված ձևով թմրամիջոցների թեստի եզրակացություն։ Հատկանշական է, որ այս օրենքն ուժի մեջ է 2015 թվականից, սակայն միայն այս տարի է պահանջվում ներկայացնել թեստի պատասխանը։
Jnews-ն իր աղբյուրներից ճշտել է, որ ոչ բոլոր պետական աշխատակիցներից է պահանջվում ներկայացնել վերոնշյալ թեստի եզրակացությունը։
Կարդացեք նաև՝