Դիլիսկա գյուղի մանկապարտեզը գրեթե մեկ ամիս է փակ է։ Խնդիրն այն է, որ մանկապարտեզի բոլոր դաստիարակները և մենեջերը գործից հեռանալու դիմում են ներկայացրել։ Պատճառը՝ տարաձայնություններն են:

3

Դիլիսկայի մանկապարտեզում աշխատել է 6 դաստիարակ, ովքեր միաժամանակ գործից հեռանալու դիմում են ներկայացրել։

Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանն ասում է․ «6 դաստիարակ դիմում է ներկայացրել գործից դուրս գալու համար։ Դիմումների մեջ գրված է, որ իրենք իրենց կամքով են դուրս գալիս աշխատանքից, ինչպես նաև տիկին Մանիկն (խմբ․ Դիլիսկայի մանկապարտեզի մենեջեր) է ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմում»։

Դիլիսկա գյուղի մանկապարտեզի արդեն նախկին մենեջեր Մանիկ Գաբրիելյանը մանկապարտեզի փակման և աշխատակիցների գործից ազատվելու հետ կապված ասում է հետևյալը․

«Մանկապարտեզների միավորման տնօրենը մասնավոր գործեր է անում։ Նա մենեջերների և աշխատողների վրա փող է աշխատել: Անահիտը չեկավ և բացատրություն չտվեց ինչի է մասնավոր գործ բռնել։ Մենք պետք է անալիզ հանձնեինք, ինքը ստիպելով խաբեց աշխատողներին, որ պայմանագիր է կնքել և հենց այդ մարդու մոտ պետք է հանձնեն անալիզները, ուրիշ տեղ ավելի էժան էր, տարավ պարտադրեց հանձնել տվեց։ Ընտանեկան բիզնես է դրել ինքը։ Մենք վճարել ենք 70 լարի, իսկ մենք կարող էինք անալիզը հանձնել 10 լարիով։ Դրանից հետո աշխատողներն իրար անցան, այդպես կեսն ազատվեց աշխատանքից, ես էլ դիմում գրեցի ու դուրս եկա»։

Ըստ Մանիկ Գաբրիելյանի խոսքի, թեստի թեմայով իրարանցումից հետո մանկապարտեզի գործունեության մեջ խնդիրներ են առաջացել:

«Անահիտը համոզում էր, որ չհեռանան (խմբ. դաստիարակներին)։ Ասում էր՝ «ինչպես ուզում եք աշխատեք, ուր ուզում եք գնացեք», հանգստացնում էր, որ չբողոքեն։ Նա մանկապարտեզ եկավ գնաց, դաստիարակները սկսեցին հեռախոսներով մուլտեր միացնել երեխաների համար, ինչը բացառված էր։ Այսքան տարի մենք աշխատում էինք և աշխատողների միջև նման դեպք չէր եղել։ Ասացի, եթե Անահիտին եք լսում և այստեղ կարգը խախտում, ուրեմն կհեռացնեմ աշխատանքից։ Մյուս աշխատաողները տեղում են։ Մյուս մանկապարտեզներում էլ բողոքում էին, բայց ձայն չէին հանում, որ գործից չազատեն, իսկ ես չվախեցա»։

Թեստերի հանձնման և արժեքի վերաբերյալ Անահիտ Ասատուրյանը մեկնաբանում է․

«Ինչ վերաբերվում է անալիզ հանձնելուն, ապա Ախալքալաք այդ անալիզը հանձնելն արժեր 70 լարի, մեր ժողովուրդն այդ անալիզը հանձնել է Biolab կլինիկայում։ Կլինիկան պայմանագիր ուներ Ախալցիխեի կլինիկայի հետ, այստեղ են եկել ու անալիզ վերցրել երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերը։ Եթե կա վայր, որտեղ կարող են հանձնել 10 լարի արժողությամբ անալիզ, ապա ավելի ուրախ կլինենք, քանի որ ամեն տարի պետք է հանձնեն այդ անալիզը։ Մենք շատ տեղեր ենք զանգահարել անալիզի համար, էլ ավելի թանկ են ուզել»։

Jnews-ը կապ հաստատեց մանկապարտեզի երկու դաստիարակի հետ, սակայն նրանք չցանկացան խոսել այս թեմայի շուրջ: Մանկապարտեզի մյուս աշխատակիցները ևս չխոսեցին նախակրթարանում առկա խնդիրների մասին: Գյուղում հանդիպեցինք և խոսեցինք մի քանի ծնողի, որոնց երեխաները մանկապարտեզ են հաճախում, բայց թե կոնկրետ ինչ է եղել, որ դաստիարակները խմբովի հեռացել են, տեղյակ չեն, բայց նշեցին, որ նախկինում ևս աշխատակիցների և մենեջերի միջև տարաձայնություններ եղել են:

2

Ծնողները շատ գոհ են մանկապարտեզի աշխատանքից։ Նրանց համար կատարվածն անսպասելի է եղել, սպասում են, թե երբ է բացվելու մանկապարտեզը։

«Արդեն 4-5 շաբաթ է երեխաները մանկապարտեզ չեն հաճախում։ Սպասում ենք, թե երբ են բացելու։ Թե ինչ է կատարվել ներսում, չգիտեմ։ Ժողով հրավիրեցին, հարցրին, թե ի՞նչ բողոք ունենք։ Մենք միշտ էլ բոլորից շատ գոհ ենք եղել, իմ երրորդ երեխան է արդեն հաճախում։ Բողոք երբևէ չենք ունեցել», – ասաց Դիլիսկա գյուղի բնակիչ, ծնող Նաիրա Բանգոյանը։

Ծնողերից Շուշանիկը նույնպես նշում է, որ անհամբերությամբ են սպասում մանկապարտեզի բացմանը, նրա երեխան այս տարի նոր է սկսել հաճախել մանկապարտեզ։

Jnews-ի հետ զրույցում Դիլիսկայում նշեցին, որ գյուղում կան մարդիկ, որ ցանկանում են աշխատել և արդեն ներկայացրել են դիմումները։

Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանն ասում է, որ հայտադիմումներն արդեն ընդունվել են և դաստիարակների ընտրությունը կայացել է։ Ծրագրում են հաջորդ շաբաթվանից վերսկսել մանկապարտեզի աշխատանքը։

Դիլիսկայի մանկապարտեզը գործում է 2009 թվականից։ Այս տարվա տվյալներով, մանկապարտեզում գործում է երեք խումբ, թվով 67 երեխա է հաճախում նախակրթարան։