Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է երրորդ եռամսյակում խելացի տեսախցիկների կողմից արձանագրած տուգանքների տվյալները, ըստ որի՝ Սամցխե-Ջավախեթիում, ինչպես երկրորդ եռամսյակում, այնպես էլ հիմա ամենաշատ տուգանքներ գրանցվել է Բորժոմիում, իսկ ամենաքիչը՝ Նինոծմինդայում։

Տեսատուգանքների ընդհանուր քանակը  երրորդ եռամսյակում տարածաշրջանում կազմել է 23 470, երկրորդ եռամսյակում այն կազմել է 7 383։ Ըստ տուգանքների՝ վճարված գումարը կազմել է 1 421 170 լարի, երկրորդ եռամսյակում զգալիորեն ավելի քիչ էր՝ 381 800 լարի։ Երրոր եռամսյակում 20% զեղչային համակարգից օգտվել է 11 041 վարորդ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 2 664։

Ձեզ ենք ներկայացնում խելացի տեսախցիկների գրանցած տուգանքների քանակն՝ ըստ մունիցիպալիտետների․

Ախալքալաքում գրանցվել է 1 230 տեսատուգանք, ընդհանուր գումարը կազմել է 88 100 լարի, 196 վարորդ օգտվել է 20% զեղչից։ Ախալքալաքում տուգանքները գրանցվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, ինչը նշանակում է սահմանված կարգով պարբերաբար տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցի վարում։ Տուգանվածներից 4-ն իրավաբանական, իսկ 1 226-ը՝ ֆիզիկական անձիք են։

Նինոծմինդայում գրանցվել է 205 տեսատուգանք, ընդհանուր գումարը կազմել է 14 950 լարի, 47 վարորդ օգտվել է 20% զեղչից։ Նինոծմինդայում նույնպես տեսատուգանքները գրանցվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով։ Տուգանվածներից 6-ն իրավաբանական, իսկ 199-ը՝ ֆիզիկական անձիք։

Ասպինձայում գրանցվել է 1106 տեսատուգանք, ընդհանուր գումարը կազմել է 74 850 լարի, 401 վարորդ օգտվել է 20% զեղչից։ Ասպինձայում տեսատուգանքները գրանցվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի և 125-րդ հոդվածի համաձայն։ 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով տուգանվածներից 11-ն իրավաբանական, իսկ 384-ը՝ ֆիզիկական անձիք են։ Իսկ 125-րդ հոդվածով տուգանվել է 711 վարորդ։

Ախալցիխեում գրանցվել է 2354 տեսատուգանք, ընդհանուր գումարը կազմել է 145 850 լարի, 1034 վարորդ օգտվել է 20% զեղչից։ Ախալցիխեում նույնպես տեսատուգանքները գրանցվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ, ինչպես նաև 125-րդ հոդվածի 1-ին, 1-ին պրիմա և 2-րդ մասերով։ 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով տուգանվածներից 14-ն իրավաբանական, իսկ 669-ը՝ ֆիզիկական անձիք են։ Իսկ 125-րդ հոդվածի 1-ին, 1-ին պրիմա և 2-րդ մասերով տուգանվել է 1671 վարորդ։

Բորժոմիում ամենաշատն է տեսատուգանք գրանցվել՝  18 575, ընդհանուր գումարը կազմել է 1 097 420 լարի, 9 363 վարորդ օգտվել է 20% զեղչից։ Բորժոմիում տեսատուգանքները գրանցվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ, 118-րդ հոդվածի 2-րդ պրիմա մասով, ինչպես նաև 118-րդ պրիմա, ինչպես նաև 125-րդ հոդվածի 1-ին, 1-ին պրիմա և 2-րդ, 4-րդ և 8-րդ մասերով։ Տուգանվածներից 89-ն իրավաբանական, իսկ 2514-ը՝ ֆիզիկական անձիք են։ 118-րդ հոդվածի 2-րդ պրիմա մասով՝ 63, 118-րդ պրիմա հոդվածով՝ 532, 125-րդ հոդվածով՝ 15 377 վարորդ է տուգանվել։