Օրերս Աղմաշենեբելի փողոցում՝ բազմահարկ շենքերից մեկի բակում, զբոսայգի-մանկական խաղահրապարակ է հայտնվել։ Սակայն մոտակայքում գտնվող փոքր մարզադաշտը վերանորոգման կարիք ունի։ Տեղի իշխանությունները խոստանում են վերանորոգել այն։
Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերի բակում հայտնվել է գողտրիկ զբոսայգի՝ մանկական խաղահրապարակով։ Երեխաներն ուրախ են նոր վայրում ժամանակ անցկացնելու համար, իսկ մեծահասակներն հիմա ունեն մի տեղ, որտեղ կարող են զբոսնել կամ նստել տապ երեկոներին: Տարածքում բնակվող դեռահասները, ովքեր նախկինում բողոքում էին, որ խաղալու տեղ չունեն, տեղական իշխանություններին խնդրում են վերականգնել նաև զբոսայգուն հարող ֆուտբոլի փոքր մարզադաշտը: Այն սարսափելի վիճակում է։ Փոքր մարզադաշտի կանաչ ծածկը գցված է դրա կողքին՝ փողոցում, ցեխի մեջ, ցանցերը պատառոտված են։ Մարզադաշտը կառուցվել է մի քանի տարի առաջ, բայց շատ արագ դուրս է եկել շարքից և չի օգտագործվում, երեխաները ստիպված են այլ վայրեր գտնել ֆուտբոլ խաղալու համար։
Անցյալ տարի Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասել էր, որ փոքր մարզադաշտի վերականգնումը նախատեսված է եղել 2022 թվականին, սակայն շենքի բնակիչները, որոնք ապրում են հենց մարզադաշտի հարևանությամբ, բողոք են գրել անպարկեշտ խոսքերի ու գիշերվա ժամերին բղավոցների պատճառով և խնդրել չվերականգնել մարզադաշտը։ Սակայն հետո քաղաքապետը խոստացել էր փոքրիկների համար խաղալու վայր կազմակերպել։ Այժմ բազմահարկ շենքերի պատանիները տեղական իշխանություններին խնդրում են վերանորոգել փոքր մարզադաշտը, որտեղ նրանք կարող են ապահով ֆուտբոլ խաղալ՝ առանց վնասվածքներ ստանալու:
Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, փոքր մարզադաշտը կվերանորոգվի հաջորդ տարի։
«Արդեն նախագիծ ունենք, և 2024 թվականի բյուջեի նախագծում հաշվի է առնված վերանորոգումը: Ցանցը կփոխվի, կլինի բետոն, դաշտի ծածկ, լուսավորություն»,- ասաց նա։