Ասպինձայի մունիցիպալիտետի Դամալա գյուղում երիտասարդները հիմնականում ունեն զբաղմունքի երեք վայր՝ «ԱրՄաթ»-ը, «Հակասրճարանը» և մշակույթի տունը, որտեղ գործում է «Կարին» խումբը։
2019 թվականին Դամալայում բացված «ԱրՄաթ» ինժիներական լաբորատորիան շատ բան է փոխել գյուղի երեխաների կյանքում։ Քանի որ գյուղում չկա երեխաների համար զբաղմունքի համար այլ վայրեր «ԱրՄաթ»-ը լավագույն զբաղմունքի կենտրոն է։
«ԱրՄաթ»-ի խմբավար Լալա Կերեքցյանի խոսքով, երեխաները շատ գոհ են, հաճախում են երեք խմբով՝ մոտ 50 երեխա։
««ԱրՄաթ»-ը գյուղում շատ անհարաժեշտ էր, քանի որ չկա այլ ժամանցային ու կրթական կենտրոն։ Պատանիների խումբ փոքրերը մեծ սիրով են հաճախում, քանի- որ նրանց համար ավելի հետաքրքիր է, օրինակ․ այն խաղերը, որոնք սիրում են, իրենք են ստեղծում ու խաղում, որն ավելի հետաքրքիր է իրենց համար», – ասում է խմբավար Լալա Կերեքցյանը։
Սկզբնական շրջանում ավելի քան 100 երեխա է հաճախել «ԱրՄաթ», բայց ժամանակի ընթացքում երեխաների թիվը կրճատվել է, քանի որ ծրագրավորումը ոչ բոլորին է հետաքրքրում։ Այսօր Դամալայի «ԱրՄաթ» է հաճախում 45-50 աշակերտ, ովքեր գտելեն իրենց այդ ոլորտում։
«ԱրՄաթ»-ում համակարգչային ծրագրավորումներից անցնում են «Աղուէս» գրաֆիկական և վիզուալ ծրագրավորման միջավայր և գործիք, որը հանդիսանում է ծրագրավորման հիմքը, որով նրանք պատրաստում են համակարգչային խաղեր, անիմացիաններ, հետո երկրորդ փուլում անցնում են «Կրիայ» կրթական ծրագիրը, որը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված Logo կրթական ծրագրավորման միջավայրի հայաֆիկացված ադապտացիան է: Անցնում են ինչպես նաև «Արտվինո» ծրագիրը, որով պատրաստում են ռոբոտների տարբեր տեսակներ։
«Պատրաստել ենք «Կրակ մարող ռոբոտ, ճանապարհային խոչընդոտները հաղթահարող ռոբոտներ, ունենք նաև պատրաստած խելացի աղբամաններ, խելացի ալկոգել, խելացի ձեռնափայտ, որը նախատեսված է կույր մարդկանց համար, մինչև 60 սմ հեռավորության վրա, եթե մարդու դիմաց ինչ-որ խոչընդոտ է հայտնվում ձեռնափայը ձայն է տալիս»։
Ինչպես նշեց խմբավարը «ԱրՄաթ»-ի շրջանակներում երեխաները մասնակցել են բազմաթիվ մրցույթների և ճամբարների։
2015 թվականից գյուղում գործում է «Կարին» պարի խումբը, որը որոշ ժամանակ դադարեցրել էր գործունեությունը, քանի որ մշակույթի տունը վերանորոգվում էր։ Հիմա այն կրկին վերաբացվել է, ինչպես նշում է պարուսույցը, սկզբնական շրջանում պարի է հաճախել մոտ 35-45, հիմա՝ 35 երեխա։
«2015 թվականից սկսել ենք պարապմունքները, դահլիճում չկար համապատասխան պայմաններ, սակայն մենք աշխատել ենք, ես իրենց հրավերով եմ գնացել, ստեղծել ենք պարի «Կարին» խումբը։ Խումբը բավականին հաջողությունների է հասել Երևանում, Թբիլիսիում, Բաթումիում, Ասպինձայում, Բորժոմիում և այլ քաղաքներում, մասնակցել է բազում փառատոնների», – ասում է «Կարին» պարի խմբի պարուսույց Նասլեթ Քեյանը։
Մեկամյա դադարից հետո, երբ վերականգնել են պարախմբի պարապունքները, պարուսույցն ասում է․
«Երեխաների մեջ այնքան կարոտ կար, որ ես իրավունք չունեի իրենց թողնելու։ Դադարի ընթացքում նրանք միշտ կապը պահպանում էին, գրում էին, որ անպայման պետք է գնամ, ծնողները նույնպես դիմում էին, և ես որպես մասնագետ, որպես տարիների աշխատանք տարած մարդ, չթողեցի խումբը և որոշեցի, որ պետք է անցնեմ այդ դժվարությունների միջով, և գյուղապետարանը, և քաղաքապետարանը օգնեցին փաստաթղթային հարցերով և առաջին փորձն արեցինք, դա պետք էր ուղղակի տեսնել»։
Պարուսույցն ասում է՝ պարի խումբը գյուղի տալիս է զարգացման հնարավորություն, նրանք շփվում են այլ երեխաների հետ, մեծ քաղաքներ են շրջագայում, ծանոթանում են մյուսների մշակույթի հետ, ընդլայնվում է նրանց աշխարհայացը։
Հիշեցնենք, որ Դամալայի մշակույթի տունը, որը գտնվում էր փլուզման եզրին, հիմնանորոգումից հետո վերաբացվել է 2021 թվականին։
Երիտասարդների համար երրորդ զբաղմունքի կենտրոնը դա «Հակասրճարանն» է, որը բացվել է 2022 թվականին Մարիամ Սահակյանի կոմղից՝ «Awesome Foundation Javakhk» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
«Հակասրճարան»-ը գյուղի երիտասարդները կարծես հավաքվում են մեկ գաղափարի շուրջ, դպրոցից դուրս ստանում են ոչ ֆորմալ կրթություն։ Այստեղ անցկացվում են հանդիպումներ, սեմինարներ։