Սեպտեմբերի 28-ին Ջավախքի ազգային պարկում՝ Թեթրոբի արգելոցում, 300 մոխրագույն կաքավ է բաց թողնվել վայրի բնություն՝ էնդեմիկ տեսակը բազմացնելու նպատակով։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոկիո գյուղի մոտ երեք պիկապ պատրաստվում են բարձրանալ Թեթրոբի արգելոց, որոնցից մեկի բեռնախցիկում 12 դեղին արկղեր են իրար վրա դրված՝ 25-ական մոխրագույն կաքավներով։ Հենց նրանց էլ բերել են Բնապահպանության նախարարության աշխատակիցները Սաչխերե քաղաքից՝ վայրի բնություն բաց թողնելու նպատակով։ Այս հարցում վերջիններիս օգնել են Ախալքալաքի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոլոգիական ծառայության բնապահպանական վարչության պետ Ռամազ Խուցիշվիլին, Սպասարկման կենտրոնի ղեկավար Մխիթար Ռստակյանը և Ջավախքի ազգային պարկի անտառապահները։
Թեթրոբին Ջավախքի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Այս վայրը համարվում է արգելոց, քանի որ այս տարածքում աճում է հազվագյուտ, թավշյա ծաղիկ, որը հանդիպում է աշխարհի միայն չորս վայրերում: Ծաղիկը կոչվում է «Ջավախքի Փամփարուլա», հենց դրա հետ էլ կապված է արգելոցի անունը` «Թեթրոբի» (սպիտակ վայր)` պայմանավորված այն հանգամանքով, որ Փամփարուլան սպիտակ է: Արգելոցի տարածքը 3000 հեկտար է: Սա լեռնային Ջավախքում թթվածնով գերհարուստ վայր է։
Հաղթահարելով դժվարին ճանապարհը՝ միջոցառման մասնակիցները հասել էին այն վայրը, որտեղ որոշվել էր բաց թողնել կաքավներին։
Այս ակցիան նախաձեռնել է «Քարթու» հիմնադրամը, թռչունները տեղափոխվել են Սամցխե-Ջավախք՝ մոխրագույն կաքավների տեղական պոպուլյացիան վերականգնելու և շատացնելու նպատակով։ Թռչունները բերվել են Սաչխերեի ֆերմայից։ Նմանատիպ միջոցառումները հետագայում համակարգված կլինեն։ Պոպուլյացիան վերականգնելու համար նախատեսվում է վայրի բնություն բաց թողնել ևս մոխրագույն կաքավի (ნაცრისფერი გნოლი) և կովկասյան մարեհավ։
Սա երկրորդ փորձն է Սամցխե-Ջավախքի շրջանում, ընդհանուր առմամբ, 3750 մոխրագույն մարեհավ է բաց թողնվել վայրի բնություն: Ախալքալաքում թռչուններին վայրի բնություն են բաց թողնում միայն Թեթրոբիի արգելոցում: Թռչունների բաց թողնվելուց հետո բնակչությանը կվերահսկեն Ջավախքի ազգային պարկի կազմի մեջ մտնող պահպանվող տարածքների անտառապահները։