ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ օդային հաղորդակցությունը վերականգնելու որոշումը կայացվել է Ղարիբաշվիլիի կառավարության հետ բանակցություններից հետո։ «Վրացական երազանք»-ը պնդում է, որ դա Մոսկվայի միակողմանի որոշումն է եղել։
«Եվ երբ մենք տեսանք, որ Թբիլիսիի ներկայիս կառավարությունը հետաքրքրված է հարաբերությունների կարգավորմամբ, գոնե հասարակ մարդկանց շահերից ելնելով, ովքեր ցանկանում են շփվել միմյանց հետ, այցելել միմյանց, այցելել մեր երկրներ որպես զբոսաշրջիկներ, ցանկանում են բիզնես անել, վերջ ի վերջո, որը ավանդաբար կապում էր մեր տնտեսական համակարգերը, մենք պարոն Ղարիբաշվիլիի կառավարության հետ պայմանավորվեցինք թռիչքների վերսկսման շուրջ և չեղարկեցինք վիզային ռեժիմը»,- ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Լավրովը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը գործում էր բավականին երկար ժամանակ, և ՌԴ շատ քաղաքացիներ օգտվել են դրանից։
Լավրովի խոսքով, «փոխադարձության հիման վրա Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ներդրումը, ինչպես նաև օդային կապերի հաստատումը Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերություններն ավելի բարեհարմար և հարմարավետ կդարձնեն»։
«Թռիչքների թիվն ընդլայնվում է, ուղիղ չվերթների աշխարհագրությունը ևս ընդլայնվում է։ Առևտրաշրջանառությունն ավելանում է: Մեզ մոտ տարածված են շատ ավանդական վրացական արտահանվող ապրանքներ՝ գինին, Բորժոմին և շատ այլ ապրանքներ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի հրամանագրով 2023 թվականի մայիսի 15-ից հանվել է դեպի Վրաստան ուղիղ չվերթների սահմանափակումը։ Նույն օրը չեղարկվել է Ռուսաստան մեկնող Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։