Երեկ՝ օգոստոսի 29-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստի ժամանակ քաղաքապետարանի կողմից վարչական տույժերի պաշտոնական ձևաթուղթ է ընդունվել։
Մինչև հիմա Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից վարչական տույժի նման միջոցառում չէր կիրառվում։ Վարչաիրավական հարցերի իրավաբանական ծառայության վարչության պետ Թեյմուրազ Մանվելյանի խոսքով՝ մինչ այս քաղաքապետարանի կողմից խախտումներն արձանագրվում էին և անմիջապես ուղարկվում դատարան։ Այժմ քաղաքապետարանը կարող է ինքնուրույն տուգանել, իսկ տուգանքը չվճարելու դեպքում գործն ուղարկել դատարան։
Խախտումների դեպքում կկարողանան տուգանել քաղաքապետարանի աշխատակիցները, առաջին հերթին՝ վերահսկողական ծառայությանը։ Տուգանքները կհամալրեն մունիցիպալ բյուջեն: Թեյմուրազ Մանվելյանի խոսքով, վարչական տույժեր կկիրառվեն այնպիսի խախտումների համար, ինչպիսիք են փողոցային առևտուրը, աղբը սխալ տեղում թափելը, մեքենաները մայթերին կայանելը, ապօրինի շինարարությունը և այլն։