Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության Ազգային գործակալությունը հայտնում է, որ օրեր առաջ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու կենտրոնական մուտքի այրված դուռը նույնությամբ կվերականգնվի:
Այս մասին նոյեմբերի 30-ին տեղեկացրեց Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության Ազգային գործակալության ֆեյսբուքյան էջը:
«Հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել և կատարվել է համապատասխան ուսումնասիրություն: Մթածմինդայի գամգեբելին խոստացել է եկեղեցու դռան վերականգնման աշխատանքներ իրականացնել: Առաջին հերթին դռան դիմացից պետք է հեռացվի երկաթյա տնակը, որը խոչընդոտում է աշխատանքներին: Չափումներ են կատարվել և ճշտվում է կրակի պատճառած վնասի չափը: Այրված դռնից մնացած դետալները հավաքելով կվերականգնեն հին դուռը նույնությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նոյեմբերի 27-ի լույս 26–ի գիշերը Թբիլիսիի 14-րդ դարի Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այրվել է եկեղեցու միակ կանգուն պատի երբեմնի կենտրոնական մուտքի դուռը:
Ինչպես AliQ-ի մեր գործընկերներն են հայտնում, նոյեմբերի 27-ին եկեղեցու տարածքում աշխատող աշխատակիցներին հակաճառել և այրված դռանը չի թողել մոտենալ մի կին, ում հետ զրույցում AliQ-ը պարզել է, որ նա անօթևան է, հրաժարվել և պարբերաբար հրաժարվում է պետության հատկացրած հանրակացարանից, քանի որ այն քաղաքից դուրս է գտնվում:
Ինքը` կինը, (չցանկացավ ներկայանալ) ապրում է փլուզված եկեղեցում: Ինչպես խոստովանեց նա, հրդեհն, ամենայն հավանականությամբ, բռնկվել է իր վառած կրակից:
«Եկեղեցու տարածքը մաքրել եմ, երեկոյան գալիս եմ այստեղ գիշերում, ջուր բերում, ուտելիք եմ պատրաստում: Երեկոյան կրակ վառեցի ջուրը տաքացնելու համար, հետո հանկարծ աչքս կպավ: Երբ արթնացա՝ իրերիս մի մասն արդեն այրվել էր»:
Վիրահայոց թեմի մամուլի խոսնակ Սուսաննա Խաչատրյանը նշել է. «Վիրահայոց թեմի առաջնորդը վաղ առավոտյան մեկնել է եկեղեցի և անձամբ ծանոթացել իրավիճակին: Ամենայն հավանականությամբ, հրդեհի պատճառը տարածքում ապրող անօթևան մարդկանց անուշադիր վերաբերմունքն է: Հարցն ուսումնասիրվում է»:
Խաչատրյանը պարզաբանել է նաև, որ եկեղեցին ցանկապատված է, սակայն անօթևանները կարողացել են ինչ-որ անցք գտնել և ներս մտնել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 118-րդ հոդվածի համաձայն, ինչը ենթադրում է գույքի վնասում կամ անուշադրության պատճառով գույքի ոչնչացում:
Հիշեցնենք, որ Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին Վրաստանի հայտարարած վիճահարույց եկեղեցիների թվում է: 2009 թվականից կիսախարխուլ է և գտնվում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության հաշվեկշռում:
Մուղնեցոց Սուրբ Գեւորգը կառուցվել է 1356 թվականին: Այն գմբեթավոր է, եւ բացի մեծ գմբեթից եկեղեցու երեք անկյուններում դրսից շինված են եղել փոքր գմբեթներ, որոնցից մեկը ծառայել է որպես զանգակատուն: Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին 1763 թվականին հիշատակվել է որպես Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի յոթ եկեղեցիներից մեկը: 1795 թվականին եկեղեցին թալանվել է պարսիկների կողմից, բայց շնորհիվ Գրիգոր ավագ քահանա Տեր-Շմավոնյանի հնարավոր է դարձել պահպանել եկեղեցապատկան իրերի մի մասը: 1852-93 թվականներին եկեղեցում կատարվել են մասնակի նորոգություններ: Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում են ամփոփված մանկավարժ-խմբագիր Նիկողայոս Խոտորյանը, բարեգործ Բարսեղ Հովսեփյան-Խոջայանցը, եկեղեցու սպասավորներ: Խորհրդային տարիներին փակվելով՝ եկեղեցին վերածվել է ազգագրական թանգարանի, ապա պահեստի, իսկ 1990 թվականին, որակվելով որպես վթարային և ոչ ենթակա վերանորոգման, փակվել է վերջնականապես: Ավելացնենք, որ 2009 թվականի նոյեմբերի 19-ին եկեղեցին փլուզվեց:
Աղունիկ Այվազյան