Արդեն երեք տարի է Ախալքալաքի քաղաքապետարանի Առողջապահության և սոցիալական ծառայությունում գործում է Երեխաների հոգեբանական աջակցության ծրագիր, որն ուղղված է այն երեխաներին, որոնք ենթարկվում են հոգեբանական բռնության՝ դպրոցում, ընտանիքում և առհասարակ շրջապատում: Jnews-ը փորձել է պարզել, թե ինչպե՞ս է Ախալքալաքում գործում Երեխաների հոգեբանական աջակցության ծրագիրը, և ո՞րն է այս ծրագրի հիմնական գործառույթը։
Քաղաքապետարանի Առողջապահության և սոցիալական բաժնի ղեկավար Անահիտ Յորդանյանի խոսքով, հոգեբանական ծառայությունն առանձին չի իրականացվում, այլ երբ գործի բնույթից ելնելով խմբով շրջում են մարդկանց տներով, այդ ժամանակ նրանց է միանում նաև հոգեբանը, տեղում պարզելու համար կա արդյոք այդ ընտանիքում խնդիր, թե՞ ոչ։ Եվ ըստ այդմ՝ խնդրի առկայության դեպքում տրվում է համապատասխան արձագանք:
Հոգեբանի խոսքով, իրենք կոնկրետ հոգեբանական խորհրդատվություն կամ հոգեթերապիա չեն իրականացնում, այն չի մտնում իրենց պարտականությունների մեջ։ Իրենք ավելի շատ աշխատում են բռնության ենթարկված/ենթարկվող և սահմանափակ կարողություն ունեցող երեխաների հետ, եթե այդ երեխաները սոցիալապես անապահով են։ Իրենց աշխատանքի հիմնական բնույթը կայանում է ընդհանուր գնահատական տալու և առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելու մեջ:
«Կարող եմ նշել, որ մինչ օրս բռնության դեպքեր չենք ունեցել։ Մի դեպք է եղել, երբ դպրոցն ինքն է կապ հաստատել մեզ հետ, քանի որ աշակերտներից մեկն ագրեսիվ վարք էր ցուցաբերել։ Դա մեր ծառայության մեջ չէր մտնում, այդ պատճառով էլ երեխայի ծնողներին ուղղորդեցի, որպեսզի դիմեն Հայաստանում աշխատող հոգեբաներից մեկին՝ հարցին լուծում տալու համար», – ասաց Քաղաքապետարանի Առողջապահության և սոցիալական ծառայությունում գործող հոգեբանական ծառայության հոգեբանը։
Մեր այն հարցին, թե իրենք իրավունք ունե՞ն խնդրին արձագանքելու, եթե ծնողը հրաժարվում է օգնությունից կամ պնդում, որ խնդիր չկա, հոգեբանն ասաց, որ իրենք գնահատական են տալիս, որ ընտանիքում առկա է խնդիր և ծնողից բացասական պատասխան են ստանում օգնություն տրամադրելու համար, այդ ժամանակ գործին միանում է ծառայության սոցիալական աշխատողն ու իրավաբանը, և իրավունք ունեն մինչև անգամ ծնողին իր ծնողական իրավունքներից զրկել:
Քաղաքապետարանի Առողջապահության և սոցիալական ծառայության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շուրջ 60 դպրոցահասակ երեխաներ դպրոց չեն հաճախում, նրանցից մոտ 50-ը գտնվում են արտերկրում, բայց Վրաստանում գրանցում ունեն, իսկ 10-ը՝ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներ են, որոնց վիճակը բարդ է, և չեն կարողանում դպրոց հաճախել: