Այսօր՝ մայիսի 29-ին, Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում անցկացվեց միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման:

Միջոցառումն ազդարարվեց Վրաստանի և Հայաստանի հանրապետության ազգային օրհներգերով: Այնուհետև այն շարունակվեց Վրաստանի և Հայաստանի առաջին հանրապետությունների ստեղծման մասին պատմական ակնարկով: Հնչեցին հայրենիքին նվիրված բանաստեղծություններ, հայրենասիրական ու ռազմի երգեր, պարային համարներ: Իսկ վերջում բոլորը շուրջպար պարեցին:

2
Ելույթի խոսքով ներկաներին դիմեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:

«Այս երգերի միջոցով մեր մեջ արթնանում է մեր պապերի արիական ոգին, հայրենասիրության ոգին: Այսօրվա միջոցառումը մեզ համար լոկ խորհրդանշական առիթ չպետք է լինի, այլ այստեղ հնչած բանաստեղծություններն ու երգերը ևս մեկ անգամ մեր մեջպետք է նորոգեն հայրենասիրության ուխտը, նորոգեն ու սերունդներին փոխանցեն: Տա Աստված, որ մեր երկու պետությունները երբեք անկախությունից չզրկվեն, թող Աստված օրհնի մեր Հայաստան ու Վրաստան երկրները»:

3

Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց հենց մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը։ Եվ հենց 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Ախալքալաքի Հայկական երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը շնորհավորելով ներկաներին ասաց.

«29-ին ենք նշում, բայց համատեղում ենք Հայաստանի և Վրաստանի անկախության օրերը՝ մայիս 26 և 28: Սարդարապատը մեծ խորհուրդ ունի իր մեջ սերունդների դաստիարակության հարցում, պարտավորեցնող է յուրաքանչյուր հայի համար, մեր երկրի պետականությունը պահելու, որովհետև մենք մեր հաջորդ սերունդներին պետք է փոխանցենք անկախ, ազատ և զարգացած Հայաստան»:

Ընդգծենք, որ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Պետականության ծնունդը հնարավոր եղավ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում: