Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում մեկուկես ամիս առաջ գծվանշված հետիոտնային անցումները 43 օր անց սկսել են անհետանալ ասֆալտի մակերեսից։

Քաղաքի մնացած հատվածներում գծանշման մասին խոսք անգամ չկա, սակայն հունիսի 28-ին Աղմաշենեբելի փողոցում «ՋավախԱվտոԳզա»-ի կողմից արված հետիոտնային անցումներն արդեն սկսել են անհետանալ։

Նշենք, որ այս գծանշումները ուշացումով են արվել ճանապարհի վտանգավոր հատվածում, չնայած այն հանգամանքին, որ այնտեղ հաճախ էին վթարներ պատահում, որոնց արդյունքում մարդիկ էին մահանում։

Հիշեցնենք, որ Աղմաշենեբելի փողոցը հիմնովին վերանորոգվել է 2019-2020 թվականներին։ Սակայն աշխատանքները հանձնվել են առանց վերականգնման նախագծով նախատեսված գծանշումների և ճանապարհային նշանների թերի տեղադրմամբ։ Աշխատանքների հանձնումից հետո ավտոճանապարհի տեխնիկական սպասարկման շրջանակներում մեքենաների և հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել։ Վերականգնումը, որպես կապալառու, իրականացրել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը, որը նաև հանդիսանում է մայրուղին սպասարկող ընկերությունը։

Հարցը մնում է բաց՝ արդյո՞ք նման արագությամբ պետք է անհետանան հետիոտնային անցումները և գծանշումները, Jnews-ը դա կպարզի փորձագետներից։