Խմելու ջրի խողովակաշարերում ճնշման նվազման պատճառով, Ախալքալաքի բազմահարկ շենքերում, արդեն մեկ ամիս է ջուրը չի բարձրանում վերջին հարկերը, սահմանափակումներով են այն օգտագործում նաև սեփական տներում։ Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությունում խնդրի մասին տեղյակ են, բայց ոչինչ անել չեն կարող, միայն հորդորում են բնակչությանը խմելու ջուրը չօգտագործել այլ նպատակներով։
Ամռան շրջանում, կարտոֆիլի ոռոգման սեզոնին Ախալքալաքում խմելու ջրի ճնշումը նվազում է։ Ջրի ճնշման նվազումը շատ հստակ զգացվում է բազմահարկ շենքերում, հատկապես նախկին թիվ 1 զինվորական ավանում։ Զինվորական ավանի բնակիչները մեկ ամսից ավել է չեն կարողանում ցնցուղ ընդունել և ընդհանրապես ջուրը նորմալ օգտագործել։
«Արդեն մեկ ամիս է, ինչ անհնար է լոգանք ընդունել և ընդհանրապես տաք ջուր օգտագործել: Ես 4-րդ հարկում եմ բնակվում, պոմպը տեղադրված է կենտրոնական ջրամատակարարման վրա, ջուրը բարձրանում է, բայց ճնշումը շատ թույլ է և ջուրը շատ տաք»,- ասում է նախկին թիվ 1 զինվորական ավանի բնակիչ Կարինե Գալստյանը։
Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլին ասում է, որ ոչինչ անել չի կարող, ինքը պատասխանատու է քաղաքի ջրամատակարարման գծում վթարների վերացման համար։ Ըստ նրա, դա լինում է ամռանը, քանի որ շատերը ջուրն օգտագործում են ոռոգման համար ու ջրի ճնշումն ընկնում է։
Jnews-ը դիմեց Միացյալ ջրամատակարարման Սամցխե-Ջավախքի գրասենյակ, որտեղից ասացին հետևյալը.
«Մենք քաջատեղյակ ենք խնդրի մասին: Ջրամատակարարման գծում վթարներ կամ անսարքություններ չեն գրանցվել, խողովակներում ջրի ճնշումն ընկել է, քանի որ բաժանորդները ջուրն օգտագործում են այլ նպատակներով։ Եթե բաժանորդները այլընտրանք չգտնեն, ապա մենք ոչինչ չենք կարող անել։ Մենք ոչինչ չենք կարող անել այս պահին, ձմռանը նույնպես ավելանում է ջրի աննպատակ օգտագործումը, բնակչությունը վախենում է, որ ջուրը կսառչի, ուստի բակերում ջուրը չեն անջատում: Միակ լուծումն այն է, որ բնակչությունն ինքը վերահսկի իր սպառումը և ջուրը գործածի նպատակային», – ասացին Միացյալ ջրամատակարարման Սամցխե-Ջավախքի գրասենյակից: