Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ «Մեդիագրագիտությունը՝ հանուն ժողովրդավարական և կայուն հասարակության» ծրագրի շրջանակներում 3-րդ հանդիպումը։

Ծրագրի շրջանակներում 14-ից 22 տարեկան երիտասարդներին ցուցադրվում է 7 վավերագրական ֆիլմ լրագրության, սոցիալական մեդիայի, քարոզչության, ապատեղեկատվության և մեդիա ոլորտի այլ դրսևորումների մասին։ Յուրաքանչյուր դասընթացի վերջում կարճ դասախոսությունների և ինտերակտիվ առաջադրանքների միջոցով մասնակիցները սովորում են ինքնուրույն տարբերակել տեղեկատվության անվստահելի աղբյուրները վստահելիներից, քննադատորեն գնահատել համացանցում տարածված տեղեկատվությունը, խուսափել կիբերվտանգներից և շատ ավելին:

pin

«Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկությունը թվային մարքեթինգի, ինտերնետ անվտանգության, ապատեղեկատվության և քարոզչության մասին: Այսօր տեղի ունեցավ OWIS սեմինար մեդիա գրագիտության վերաբերյալ: Ամբողջ գործընթացը հետաքրքիր, ինֆորմատիվ և բովանդակալից էր: Փաստագրական ֆիլմը դիտելուց հետո երիտասարդները մասնակցեցին խմբային աշխատանքների և քննարկեցին այն վտանգները, որոնք կարող են լինել համացանցային տարածքում, և թե ինչ կանոնների պետք է հետևենք, որպեսզի պաշտպանված լինենք», – մեկնաբանեց ծրագրի ղեկավար Թեոնա Փուրցխվանիձեն:

pin2

«Այս նախագիծը, որն իրականացվում է Ախալքալաքի Տեղական Զարգացման Խումբ – LAG-ի կողմից, ներառում է 14-ից 22 տարեկան երիտասարդներ քաղաքից և գյուղերից, ծրագրի նպատակն է զարգացնել քննադատական մտածողությունը, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրել քարոզչության, ապատեղեկատվության և դրանց դեմ պայքարի մեթոդների մասին: Մասնակիցների ստացած գիտելիքները նրանց միջոցով հետո տարածվում են հասարակության մեջ, քանի որ երեխաները կիսվում են դրանցով իրենց ընկերների և հարազատների հետ»,- մեկնաբանեց Ախալքալաքի LAG-ի նախագահ Սերգեյ Խաչատրյանը:

Նախագիծը բաղկացած է երկու մասից. Առաջին մասը նվիրված է վավերագրական ֆիլմերի ցուցադրությանը և քննարկմանը, իսկ երկրորդ մասում մասնակիցները կիրականացնեն երիտասարդական մեդիա նախաձեռնություններ։

image00183 (1)

Ծրագիրն իրականացվում է «People in Need» կազմակերպության կողմից՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ՝ Ռադիո Մարնեուլիի հետ համագործակցությամբ։ Ծրագրի տարածքն ընդգրկում է Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջանները: Ախալքալաքում ծրագիրն իրականացվում է Տեղական զարգացման խմբի (LAG) կողմից: