Երեկ՝ մայիսի 20-ին, տեղի են ունեցել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ախալքալաքի բջջի նախագահի ընտրություններ։ Ընտրությունների արդյունքում Մելիք Ռայիսյանին փոխարինել է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչ Արսեն Կարապետյանը։ Jnews-ը զրուցել է Վրաստանի «գլխավոր» ընդդիմադիր կուսակցության Ախալքալաքի բջջի նոր նախագահ Արսեն Կարապետյանի հետ՝ կուսակցության փոփոխության և շատ ավելիի մասին։
Դուք «Եվրոպական Վրաստան» կուսակցության գաղափարական քաղաքական գործիչներից էիք, ինչո՞ւ փոխեցիք Ձեր կուսակցությունը:
– Այս պահին ես ճիշտ եմ համարում սա։ Անցած հինգշաբթի որոշեցի մասնակցել ընտրություններին և անմիջապես գրանցվեցի, երբ իմացա, որ հնարավոր է գրանցվել։
«ՄԱՇ» կուսակցությունը Ձեզ դիմել է, որպեսզի Դուք դառնա՞ք նախագահ:
– Սա ներքին խոհանոց է, ես ճիշտ համարեցի այդպես վարվել։
Ինչպե՞ս կգնահատեք երեկվա ընտրությունները։ Մեկ այլ թեկնածու՝ Մելիք Ռայիսյանը, կարծում է, որ այս ընտրությունները ժողովրդավար չեն անցկացվել:
– Իմ ընդդիմախոսը ներկայացուցիչներ ուներ, նրա կողմնակիցների որոշակի քանակ գրանցված էր։ Ի՞նչն էր ոչ ադեկվատ անցած ընտրություններում: Կար հանձնաժողով, այն ներկայացուցիչներ ուներ, ես էլ ունեի, ինքը նախօրոք գրանցել էր իր կողմնակիցներին, ես էլ՝ իմ։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Չի կարելի ամեն ընտրության ժամանակ ասել «լեգիտիմ չէ, և այլն, և նմանատիպ բաներ», կա ժողովրդավարություն, մենք պետք է հարգենք դա, սա ժողովրդի ընտրությունն է։ Չգիտեմ, ամեն մեկն իր կարծիքն ունի։
Փոփոխություններ կլինե՞ն Ախալքալաքի ՄԱՇ-ի բջիջը գլխավորելուց հետո:
– Անպայման կլինեն: Առաջին հերթին կփոխվի ներքին կառուցվածքը, քանի որ դա անհրաժեշտ է ժողովրդավարության համար։ Մենք չենք կարող դուրս գալ փողոց և քարոզչություն անել, եթե մեր կուսակցությունում ժողովրդավարություն չկա։ Ես մտածեցի, որ կարող եմ փոխել այս կուսակցությունը, որ գոնե մեր շրջանում դառնա ավելի մրցունակ։
Ձեր օգտին է քվեարկել մեծամասնությունը, ըստ արդյունքների՝ գրանցված 752 ընտրողից Ձեր օգտին քվեարկել է 351 ընտրող, իսկ Ռայիսյանի օգտին՝ ընդամենը՝ 7։ Ինչպե՞ս ստացվեց այդպես: Եղե՞լ է քարոզարշավ:
– Իհարկե եղել է: Ես մեկ շաբաթ ունեի պատրաստվելու համար։ Հանդիպեցի իմ համախոհների հետ, փառք Աստծո, նրանք շատ են, քանի որ ես ակտիվ եմ մարզում և բացատրեցի նրանց, որ իրավիճակն այնպիսին է, որ եթե մենք ուզում ենք ավելի պատրաստված լինել եկող ընտրություններին, այսօր պետք է ցույց տանք մեր միասնականությունը։ Իսկ մարդիկ ասելիք չունեին, բացի շնորհակալությունից։ Ընդդիմադիր տրամադրված բնակիչները քվեարկել են իմ օգտին: Ես նախապես հայտարարել էի, որ այսչափ համախոհներ ունեմ, ամենայն հավանականությամբ, Ռայիսյանն էլ իրենի մասին էր հայտնել։ Եվ ընտրությունների օրն ամեն ինչ սովորական ընտրությունների պես էր, ԿԸՀ-ից քվեատուփեր էին վերցրել, կային բլանկներ, քվեաթերթիկներ։ Սովորական ընտրություններ էին:
Ռայիսյան Մելիքը վստահեցնում է, որ նա տեղեկեացված չի եղել այն մասին, որ ընդդիմախոս ունի: Ինչքանո՞վ է դա հնարավոր:
– Ես նրանից առաջ եմ գրանցվել։ Դրա համար ես քվեաթերթիկներում համար առաջինն էի։ Երկրորդ հարցը՝ եկեք տրամաբանորեն եզրակացություն անենք, եթե չգիտի, թե ով է ընդդիմանում, մասնակցում է ընտրություններին, և 3-4 օր առաջ հանձնաժողովին է ներկայացրել իր ներկայացուցիչներին։ Եկեք տրամաբանորեն եզրակացնենք, որ եթե մասնակցում ես ընտրություններին, ունես հանձնաժողով, ուրեմն կա և ընդդիմախոս, չէ՞ որ սրանք ընտրություններ են։ Եվ հետո, դա իր կուսակցությունն էր, հիմա իրականում նոր տարր է այս կուսակցությունում, (արդեն այսօր դա իմ կուսակցությունն է, կարելի է ասել), եթե ինձ զանգում են հեռավոր գյուղից և հարցնում՝ մասնակցո՞ւմ եմ ընտրություններին, երբ ես հաստատակամորեն պատասխանեցի, նրանք հարցրեցին՝ ե՞րբ գանք, աջակցենք, քվեարկենք քո օգտին, ես օրինակ եմ բերում: Եթե դու ունես քաղաքական առաջնորդի, ընդդիմության առաջնորդի հավակնություններ, և չգիտես, որ քո թաղամասում, քո քաղաքում ընտրություններ են և դու չգիտես, թե ով է քո ընդդիմախոսը, դա արդեն խնդիր է։
Դուք «Միացյալ ազգային շարժման» անդա՞մ եք հանդիսանում:
– Ոչ, Վրաստանում առանց կուսակցական լինելու դու կարող ես լինել քաղաքական կուսակցության առաջնորդ: Ես դեռ կուսակցության անդամ չեմ, բայց արդեն ավտոմատ կերպով կլինեմ, քանի որ ընտրվել եմ տեղի բջջի նախագահ։ Ով ցանկանում է, ով քաղաքական հավակնություններ ունի, կարող է մասնակցել կուսակցական ընտրություններին, բայց Դուք գիտեք, մենք քաղաքական հավակնություններ ունենք միայն իշխող կուսակցության հետ կապված, ընդդիմությունում լինելն ավելի դժվար է։
Մելիք Ռայիսյանն ասաց, որ ընտրությունները ստացվեցին այսպիսին, քանի որ գործընթացին միջամտեց Վանո Մերաբիշվիլին, որքանո՞վ է դա ճիշտ:
– Ես կյանքում երբեք չեմ հերքել, որ ճանաչում եմ Մերաբիշվիլիին և մենք մտերիմ ենք ու ընկերներ, բայց մնացածի մասին եկեք խոսենք փաստերով։ Մերաբիշվիլին հայտարարել է, որ հեռացել է ակտիվ քաղաքականությունից և քաղաքականություն վերադառնալու միտք չունի։ Մարդը վարչապետ էր, էլ ինչի՞ համար հետ գա: Ես, օրինակ, կգնամ Նինոծմինդա աշխատելո՞ւ (խմբ.՝ Արսեն Կարապետյանը մի քանի տարի աշխատել է Նինոծմինդայի ոստիկանապետ), ո՛չ, իհարկե։ Կա եզր, կա սահման, և կարիերային աճ ու կարիերայի աճի վերին շեմ, այս մարդն արդեն բարձր պաշտոնում է եղել: Ինչ կապ ունի էստեղ Մերաբիշվիլին, Մերաբիշվիլին նրան ընտրող չի՞ բերել։ Մյուս դեպքերում նա մեղադրում էր, որ ուժայիններն են խանգարել իրեն։ Իսկ հիմա ինչ, ընդդիմության ընտրություններում կասի, որ իրենց նախկին ուժայիններն են խանգարել ընտրող բերել։ Թե՞ իր ընտրողին են բերել ընտրությունների։ Դա աբսուրդ է։