Այսօր՝ հուլիսի 21-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյին առընթեր Գենդերային հավասարության խորհուրդը լսեց հասարակական կազմակերպությունների առաջարկները, կապված օգոստոսի 12-ին Ախալքալաքում Երիտասարդության միջազգային օրը տոնելու հետ։ Համատեղ ժողովում կազմվեց կազմակերպվող միջոցառումների ցանկը։
Գենդերային խորհրդի նիստին մասնակցում էին նաև հասարակական կազմակերպությունների անդամներ։ Նրանք արդեն եկել էին կոնկրետ առաջարկներով։ Երկուշաբթի օրը՝ հուլիսի 17-ին, կայացել էր համանման հանդիպում, որտեղ քննարկվել էր տոնի նախնական համատեղ կազմակերպումը և պայմանավորվել էին վերադառնալ մանրամասն առաջարկներով։ Քննարկումներից հետո ներկաներն ընտրեցին այն միջոցառումները, որոնք, իրենց կարծիքով, կարող են կազմակերպվել Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին։
Քաղաքի երիտասարդության կողմից, Սակրեբուլոյին, առաջարկներ չեն եղել։ Բազմաթիվ առաջարկներ են եղել հասարակական կազմակերպություններից, խորհրդի անդամներից, սակայն քննարկումների արդյունքում ընդունվել են այն առաջարկները, որոնք հնարավոր է իրականացնել սահմանափակ միջոցներով, քանի որ Երիտասարդության միջազգային օրվա կազմակերպման համար խորհուրդն ունի ընդամենը 1000 լարի։
Իրենց ակտիվությունների ֆինանսական ծախսերը հասարակական կազմակերպություններն իրենց վրա են վերցրել։
Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարությունը կսկսվի օգոստոսի 12-ին՝ ժամը 16:00-ին, Խաս Բախչա այգում։
Նախատեսվում են հետևյալ ակտիվությունները.
1. Ինտելեկտուալ խաղ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»՝ 4 թիմ
2. Երիտասարդության ցանկությունները Ախալքալաք քաղաքին։ (Ամեն մեկն իր ցանկությունները կգրի թղթի վրա)։
3. Նկարչական ցուցահանդես
4. Սպորտային միջոցառումներ (թենիս, շախմատ, մարզական մարաթոն)
5. Երաժշտական մաս, ֆոտոզոնա (կհնչեն տարբեր գործիքներով երաժշտական համարներ), լուսային ձևավորում, չինական լապտերներ։
6. Ֆիլմի ցուցադրություն
7. Գրաֆիտի
Տոնակատարության ավարտին կլինի հրավառություն։