Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) Վրաստանի աջակցության ծրագրի երկրորդ տրանշի ներկայացումը տնօրենների խորհրդին և, համապատասխանաբար` դրա հաստատումը «հետաձգել է»։
Վրաստանի կառավարությունը և IMF-ն համաձայնեցրել են Աջակցության ծրագիրը 2022 թվականի ապրիլին: Եռամյա ծրագրով նախատեսված էր 289 մլն դոլարի հատկացում՝ վարկի ձևով։ Տրանշի առաջին մասը՝ 40 միլիոնն արդեն օգտագործվել է։
2023 թվականի մայիսին բանակցություններ են վարվել երկրորդ տրանշի հատկացման շուրջ։ Այս բանակցությունների ընթացքում Վրաստանի իշխանությունները և IMF առաքելությունը պայմանավորվել են ավարտել ընթացիկ ծրագրի երկրորդ վերանայումը տեխնիկական մակարդակով:
IMF-ի գործադիր տնօրենների խորհուրդը պետք է վերջնական որոշումն ընդուներ հունիսին։ Աշխարհի առաջատար վարկանիշային գործակալությունը՝ Fitch Ratings-ը, հուլիսի 14-ի իր վերջին զեկույցում գրել է, որ «կարծես թե երկրորդ վերանայման ավարտը հետաձգվել է»։
Տնտեսական հարցերով աշխատող BMG լրատվական գործակալությունը գրել է, որ IMF-ն հաստատել է, որ «վերանայումը հետաձգվել է, և բանակցությունները շարունակվում են», թեև չեն նշել հետաձգման պատճառը։