Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է քաղաքի Խաղաղության կամրջի վերանորոգումը, – քաղաքային կառավարության նիստում հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով` վնասվել է ձախ ափի բետոնե ծածկը, դեֆորմացվել են աստիճանները, առկա է կախովի կառույցների խնդիր, որն առաջացնում է անհավասար ծանրաբեռնվածություն։ Անհրաժեշտ է նաև փոխարինել լուսավորության այն հատվածը, որն անսարք է։
Վերանորոգման աշխատանքների ընթացքում խաղաղության կամուրջը որոշ ժամանակ փակ կլինի:
Կամուրջի վերանորոգումը կարժենա 1 մլն 400 հազար լարի, իսկ վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին:
Խաղաղության կամուրջը հետիոտնային կամուրջ է Մթկվարի (Կուրա) գետի վրա։ Պաշտոնապես բացվել է 2010 թվականի մայիսին: Այն շինարարության ամենավառ օրինակներից մեկն է այն ժամանակաշրջանում, երբ երկրի նախագահն էր Միխեիլ Սաակաշվիլին:
Հին քաղաքի կենտրոնում ժամանակակից կառույցի կառուցումն այն ժամանակ բուռն քննարկումների տեղիք տվեց, սակայն ի վերջո կամուրջը դարձավ Թբիլիսիի այցեքարտն ու զբոսաշրջային գրավչությունը:
Կամուրջը միացնում է Իրակլի II փողոցը և Ռայկե այգին։ Կառույցը բաղկացած է 156 մետրանոց պողպատե շրջանակից, որը պատված է ապակուց և չորս սյուներից:
Կամուրջի ճարտարապետը իտալացի հայտնի մասնագետ Միքել դե Լուչին է, ով Թբիլիսիում կառուցել է Հավլաբարի նախագահական նստավայրը և Վրաստանի ՆԳՆ-ի նոր շենքը: