Մայրաքաղաքում տեղացած առատ և ինտենսիվ տեղումները որոշակի պրոբլեմներ են ստեղծել: Այս պահի տվյալներով՝ ուժեղ անձրևի հետևանքով ջրածածկվել են փողոցները, նկուղները, «Ռուսթավելի» և «Վաժա-Փշավելա» մետրոյի կայարանները, – այս մասին նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Ինչպես ասվում է մայրաքաղաքի քաղաքապետարանի հայտարարության մեջ, առանձնապես մեծ քանակությամբ տեղումներ են նկատվել Թամարաշվիլիի պողոտայում:
«Սաբուրթալոյի շրջանում՝ Չիքովանիի փողոցում, վնասվել է գազատար խողովակը, ինչի պատճառով իրականացվել է հարակից շենքում բնակվող բնակչության տարհանում: Այս րոպեներին ընթանում է ցանցի վերականգնումը:
Արտակարգ ռեժիմով աշխատում են Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները, ինչպես նաև մայրաքաղաքի շրջանային վարչությունները: «Թբիլսերվիս գրուպի» կողմից մաքրվում են ճանապարհները և կարգի են բերվում փողոցները: Բոլոր խնդրահարույց հատվածներում մոբիլիզացված են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և պարեկային ոստիկանությունը:
Թեժ գծին ստացված զանգերին տրվում է անհապաղ արձագանք: Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են օգտվել Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գծից՝ 0322 722222», – նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:



