Ութ տարի է անցել Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից։
2015թ.-ի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը մի քանի ժամ տեղացած անձրևը պատճառ դարձավ քաղաքի ժամանակակից պատմության ամենամեծ բնական աղետի։
Ծղնեթի-Բեթանիա ճանապարհին սողանք տեղի ունեցավ: Սելավահոսքը փակեց Վերե փոքր գետի կիրճը, որը հոսում է քաղաքի կենտրոնական հատվածով։
Ջրով էին լցվել շների մասնավոր ապաստարանը, «Մզիուրի» զբոսայգին, Սվանիձեի փողոցը, մայրաքաղաքի երկու խիտ բնակեցված թաղամասերը միացնող ճանապարհը, Հերոսների հրապարակում գտնվող կենդանաբանական այգին։
Ջրհեղեղի հետեւանքով զոհվեց 21 մարդ, երկուսն անհայտ կորած են համարվում։ 200 ընտանիք մնաց առանց տանիքի: Կենդանաբանական այգին գրեթե ամբողջությամբ ավերվեց, և դրա բնակիչների կեսից ավելին կա՛մ մահացան աղետի ժամանակ, կա՛մ լիկվիդացվեցին այն բանից հետո, երբ հայտնվեցին ազատության մեջ։
Ջրհեղեղի վնասը գերազանցել է 90 մլն լարին։ Վերականգնման լայնածավալ աշխատանքները տեւել են հինգ տարի եւ մայրաքաղաքի բյուջեին արժեցել միլիոնավոր դոլարներ: Անհրաժեշտ էր վերակառուցել ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, հենապատեր, հաղորդակցության համակարգեր։
Աղետի հետեւանքների վերացմանը մասնակցել են հազարավոր կամավորներ։ Ո՛չ վրացական շոու-բիզնեսի աստղերը, ոչ էլ ուսանողները չվախեցան վտանգավոր ու դժվարին աշխատանքից: Փլատակ դարձած տարածքները մաքրելով, նրանք զինվորականների հետ միասին օգնեցին փրկարարներին փնտրել անհայտ կորածներին։ Ընդհանրապես ընդունված է համարել, որ այդ ժամանակ Վրաստանում քաղաքացիական ակտիվության նոր ալիք ծնվեց։ Հենց 2015 թվականի հունիսի 13-ի ամսաթիվը նույնպես կապված է վրացական հասարակության համախմբման և միասնության հետ։
Այս նկարներում պատկերված է, թե ինչ է տեղի ունեցել աղետի գոտում ջրհեղեղից հետո առաջին երկու օրերի ընթացքում։ Թբիլիսիի քաղաքապետարանը դրանք հրապարակել է 2015 թվականի հունիսի 17-ին։
Աղբյուրը՝ newsgeorgia.ge