Կառավարության տվյալներով՝ Վրաստանը հաջողությամբ վերադառնում է օդային երթևեկության աճող դինամիկային, որն առկա էր համավարակին նախորդող ժամանակահատվածում։
Խորհրդարան ներկայացված տարեկան հաշվետվության մեջ գործադիր իշխանությունը նշում է, որ 2022 թվականի ամփոփ տվյալների համաձայն՝ օդային տրանսպորտի վերականգնման ցուցանիշը կազմում է 88%, իսկ ուղեւորափոխադրումների վերականգնման ցուցանիշը՝ 85%։
«Այս տարվա առաջին երեք ամիսներին, ըստ կատարված թռիչքների, ավիաչվերթները վերականգնվել են 116%-ով, իսկ ուղեւորահոսքը՝ 103%-ով։ Կառավարության և համապատասխան գերատեսչությունների ակտիվ ջանքերի շնորհիվ 2022 թվականից դեպի Վրաստան կանոնավոր չվերթներ սկսել են իրականացնել հետևյալ ավիաընկերությունները՝ Condor, FLYONE Armenia, Varesh Airlines, Flyadeal, Armenia Airways, Pars Air, Southwind Airlines, Air Moldova, Thai Air Asia X և FlyArna: 2023 թվականին վրացական ավիաշուկա կմտնի Sunexpress-ը:
Հատկանշական է, որ 2022 թվականի օգոստոսից Wizz Air էժանագին ավիափոխադրողն ավելացրել է երկրորդ ինքնաթիռը, իսկ 2023 թվականի հունիսից և դեկտեմբերից հայտարարվել է ավիաընկերության երրորդ և չորրորդ ինքնաթիռների ավելացման մասին»,- ասվում է փաստաթղթում։
Կառավարությունը նշում է, որ Վրաստանի միջազգային օդանավակայաններում շաբաթական միջինը 350 կանոնավոր չվերթ է իրականացվում։
«Ամառային նավիգացիայի ընթացքում թռիչքներ կիրականացվեն ավելի քան 40 ավիաընկերությունների կողմից աշխարհի ավելի քան 30 երկիր՝ շաբաթական մոտ 555 ավիաչվերթ հաճախականությամբ, ինչը դրականորեն կազդի երկրում ուղևորափոխադրումների և զբոսաշրջության աստիճանական վերականգնման վրա»,- ասվում է զեկույցում։