Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալություններ են տեղի ունեցել։ Խաղաղ ցույցը կազմակերպվում է ի պաշտպանություն 21-ամյա ակտիվիստ Լազարե Գրիգորիադիսի, ով ձերբակալվել էր Թբիլիսիում մարտյան ցույցերից հետո և մեղադրվում է ոստիկանների վրա հարձակվելու մեջ։
Իրավապահները, առանց պատճառաբանման, բերման են ենթարկել պաստառները ձեռքներին անձնանց։ Վրաստանի ՆԳՆ-ից հայտարարել են, որ ուժայինները գործել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն։ Առաջինը բերման է ենթարկվել փաստաբան Շոթա Թութբերիձեն, ում ոստիկանները մոտեցել են այն ժամանակ, երբ նա պաստառով նստած է եղել խորհրդարանի շենքի դիմացի աստիճաններին։
Ակտիվիստ Իդա Բախտուրիձեն հայտնել է, որ «Վրաստանի դեմոկրատական նախաձեռնության» նախագահ Էդուարդ Մարիկաշվիլիին ուղեկցել են դեպի ոստիկանական մեքենա՝ դատարկ թղթի կտոր պահելու համար։ Իր հերթին, քաղաքացիական ակտիվիստ Նիկա Փարուլավան սոցիալական ցանցերում գրել է, որ ձերբակալվածների թվում կա դեռահաս, ում ձեռքին կար «Ղարիբաշվիլիի [վարչապետի] բնութագրերով պաստառ»։
Կեսգիշերին ակցիային միացել էր Լազարե Գրիգորիադիսի հայրը, ում ոստիկանությունը բերման էր ենթարկել նախօրեին, երբ նա փորձել էր վրան տեղադրել խորհրդարանի բակի մուտքի մոտ։ Բեքա Գրիգորիադիսը երեկվանից գտնվում է ժամանակավոր կալանավայրում, իսկ այս գիշեր նա տուգանվել է 2000 լարիով (մոտ 800 ԱՄՆ դոլար)՝ ոստիկանության օրինական հրահանգներին չենթարկվելու համար։
Ինչպես նշում է «Tbilisi_life» Telegram-ալիքը, այս պահին խորհրդարանի շենքի դիմացի հրապարակում ավելի շատ ոստիկաններ կան, քան ցուցարարներ։
Աղբյուրը՝ SovaNews