Վաշլովանի արգելոցում զբոսաշրջիկներին ծաղրելու մեղադրանքով վրացի սահմանապահ է ձերբակալվել, – հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Հետաքննության տվյալներով՝ Սահմանապահ ոստիկանության կրտսեր սերժանտը վիճաբանության մեջ է մտել զբոսաշրջիկների հետ իր հերթապահության ընթացքում՝ հետիոտն պարեկության ժամանակ։
«Նա կամայականորեն, առանց օրինական հիմքերի, ձեռնաշղթաներ է հագցրել Մեծ Բրիտանիայից և Բելառուսից ժամանած զբոսաշրջիկներին և մեկական կրակոց է արձակել իր ծառայողական ավտոմատ զենքից»,- ասվում է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ։
Սահմանապահը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները գերազանցելու մեջ: Հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով։
Վաշլովանիում արշավանքի մասնակիցներից Նանուկա Ավալիանին պատմում է, որ վրանային քաղաքում բոլորն արդեն պառկել էին քնելու, երբ հայտնվել է հարբած սահմանապահը։ Վերջինիս խոսքով՝ նա հարբած է եղել, ծաղրել ու ահաբեկել է մարդկանց։ Նրա արձակած փամփուշտն անցել է ուղիղ վրաններից մեկի միջով։