Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի՝ մեկը Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը՝ Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցում։ «ՌԻԱ Նովոստի»-ին արտակարգ ծառայություններից հայտնել են, որ տուժածներ չկան։ Փոխանցում է Pnorama.am-ը:
Ըստ աղբյուրի՝ ԱԹՍ-ն հարվածել է Պրոֆսոյուզնայա 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին։ Քանդվել է շենքի ճակատային մասը, կոտրվել են ապակիները: Նշվում է, որ բնակիչները տարհանվել են։
Նույն դեպքը տեղի է ունեցել Ատլասովա փողոցի 24-հարկանի բնակելի շենքում։ Անոդաչուի հարվածից փլուզվել են շենքի ճակատն ու վերին հարկերի ապակիները։
Բացի այդ, պայթյունի նմանվող ձայն է լսել «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը Կրասնոգորսկում (Պավշինսկայա Պոյմա)։ Նրա խոսքով` դա նման էր որոտի ձայնի։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կոչ է արել մարդկանց վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չտարածել չճշտված տեղեկատվություն։ Նա ընդգծել է, որ արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները դեպքի վայրում են, և անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով լուրջ տուժածներ չկան։