նորություններ 10 Սեպտեմբերի, 2026 • Ռուսաստանն առաջին անգամ 1998 թվականի դեֆոլտից ի վեր սկսել է ոսկու պաշարների լայնածավալ վաճառք

Ինչպես հայտնում է The Moscow Times-ը, 2026 թվականին իր պաշարներից ոսկյա ձուլակտորների լայնածավալ վաճառքից հետո Ռուսաստանի Կենտրոնական բանկը դարձել է աշխարհում ոսկու խոշորագույն վաճառողը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Համաշխարհային ոսկու խորհրդի (WGC) տվյալներով՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում Ռուսաստանի Կենտրոնական բանկը իր պաշարներից վաճառել է 21,77 տոննա թանկարժեք մետաղ։ Այս ցուցանիշով այն զգալիորեն գերազանցել է Թուրքիայի Կենտրոնական բանկին, որը վաճառքի ծավալով երկրորդ տեղում է՝ 4,23 տոննա։

Նույն տվյալների համաձայն՝ մյուս կենտրոնական բանկերը վաճառել են ոսկու միայն փոքր ծավալներ, այդ թվում՝ Մեքսիկան՝ 0,1 տոննա, Մալթան՝ 0,03 տոննա և Ռումինիան՝ 0,01 տոննա։ Միևնույն ժամանակ, խոշորագույն գնորդներն են դարձել Լեհաստանի Կենտրոնական բանկը՝ ձեռք բերելով 50,79 տոննա, Չինաստանի Կենտրոնական բանկը՝ 32,97 տոննա, և Ուզբեկստանի Կենտրոնական բանկը՝ 16,17 տոննա։

Ինչ վերաբերում է պատճառներին, ապա, ինչպես նշվում է հրապարակման մեջ, «Ֆինամ» ներդրումային ընկերության վերլուծաբան Ալեքսանդր Պոտավինի խոսքով՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկը ոսկին վաճառում է առաջին հերթին պետական բյուջեի դեֆիցիտը ծածկելու և արժութային իրացվելիության պակասը վերացնելու համար։

Կենտրոնական բանկի սեփական տվյալների համաձայն՝ տարեսկզբից մինչև հուլիսի վերջ Ռուսաստանի Դաշնությունը իր պաշարներից վաճառել է 1,6 միլիոն տրոյական ունցիա՝ 49,7 տոննա ոսկի։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վիճակագրության համաձայն՝ սա ոսկու պաշարների ամենախոշոր միանվագ վաճառքն է 1998 թվականի դեֆոլտից ի վեր, երբ Ռուսաստանը եռամսյա ժամանակահատվածում վաճառել էր 3,8 միլիոն ունցիա՝ 118 տոննա ոսկի՝ պետական պարտատոմսերի (ՊԿՊ) ֆինանսական բուրգի փլուզման ֆոնին։

Նույն տվյալների համաձայն՝ օգոստոսի 1-ի դրությամբ Կենտրոնական բանկի ոսկու պաշարները կրճատվել են մինչև 73,2 միլիոն տրոյական ունցիա, ինչը 2020 թվականից ի վեր ամենացածր մակարդակն է։

Պիտերսոնի միջազգային տնտեսագիտության ինստիտուտի (PIIE) տնտեսագետ Էլինա Ռիբակովայի կարծիքով՝ Կրեմլի՝ ոսկին վաճառելու որոշումը վկայում է այն մասին, որ նրա այլ իրացվելի ակտիվները սպառվում են։

Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից հետո, երբ արևմտյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին դոլարով, եվրոյով և այլ արժույթներով արտահայտված ակտիվների նկատմամբ, Ռուսաստանի Կենտրոնական բանկը կորցրեց 300 միլիարդ դոլարի արժութային պահուստների հասանելիությունը։ Այդ արժութային պահուստներից մնացել է ընդամենը մոտ 100 միլիարդ դոլար, որն ամբողջությամբ պահվում է չինական յուանով։

«Կենտրոնական բանկի ոսկու պաշարների նկատմամբ ճնշումն ընդգծում է Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտի հետևանքով առաջացած աճող խնդիրները և դրա ֆինանսավորման դժվարությունները»,- նշել է Ռիբակովան։

Այնուամենայնիվ, Macro-Advisory-ի վերլուծաբան Քրիս Ուիվերը արտասահմանյան լրատվամիջոցներին ընդգծել է, որ ոսկու վաճառքը չի նշանակում Ռուսաստանի սնանկացում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկը շարունակում է ունենալ աշխարհում ոսկու հինգերորդ խոշորագույն պաշարը, որը կրճատվել է ընդամենը 2,1%-ով։ Վաճառքի ներկայիս տեմպերի դեպքում՝ ամսական 200 000-ից 300 000 ունցիա, ամբողջ պաշարն սպառելու համար կպահանջվի մոտ 20 տարի։

Պոտավինը հայտարարել է, որ Կենտրոնական բանկը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ոսկու վաճառքը։ Տարեսկզբին ռուսական պահուստների 48%-ը բաժին էր ընկնում այս թանկարժեք մետաղին, սակայն այժմ այդ մասնաբաժինը նվազել է մինչև 41,5%։

«Մարժան կարող է կազմել մոտ 40% կամ փոքր-ինչ պակաս։ Սակայն քանի դեռ անհրաժեշտություն կա ծածկելու բյուջեի զգալի դեֆիցիտը, պահուստներում ոսկու մասնաբաժինը կարող է նվազել»,- ասել է Պոտավինը։

Հատկանշական է, որ 2026 թվականի օգոստոսին Ռուսաստանի ոսկու պաշարները նվազել են մինչև վերջին վեց տարվա ամենացածր մակարդակը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝