Անցած տարվա ամառվանից Մադաթափա լիճը սկսել է չորանալ, պատճառն անձրևների բացակայությունն էր։ Հիմա լճի մակարդակը բավականին է, սակայն ոչ այն մակարդակի վրա, քան մի քանի տարի առաջ էր։ Որպեսզի ջրի մակարդակը հնարավոր լինի պահել նույն մակարդակի վրա հարկավոր է ամբարտակ կառուցել:

Դեռևս 2022 թվականի նոյեմբեր ամսին JNEWS-ին Պահպանվող տարածքների գործակալությունից պատասխանել էին.

«Այս տարի Պահպանվող տարածքների գործակալությունը ձեռք է բերել Մադաթափա լճում ջրի վերահսկողության ամբարտակի կառուցման նախագիծը և ծախսերի նախահաշիվը: 2023 թվականին շինարարության համար մրցույթ կհայտարարվի»:

Սակայն օրեր առաջ գրել էինք, որ Մադաթափա լճի տարածքում որևէ շինարարական աշխատանք չի ընթանում և կրկին դիմեցինք Գործակալություն:

«Անցյալ տարի Պահպանվող տարածքների գործակալությունը Մադաթափա լճում ջրի կարգավորիչ ամբարտակ կառուցելու նպատակով ձեռք է բերել նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթերը, որն այսօրվա դրությամբ, ներկայացվել է Ազգային բյուրո՝ համապատասխան փորձագիտական ​​ուսումնասիրությունների նպատակով։ Եզրակացությունը ստանալուց հետո կորոշվի կատարվող աշխատանքների արժեքը և կսկսվեն էլեկտրոնային մրցույթ հայտարարելու ընթացակարգերը։ Լրացուցիչ մանրամասների մասին կհաղորդենք»:

Դեռևս 2019 թվականին լճի ափամերձ մասում հայտնաբերվել էին առեղծվածային, ստորգետնյա անցքեր, որտեղ հոսում է լճի ջուրը: Առեղվածը կայանում է նրանում, որ ջուրը հոսում է անցքերի մեջ, սակայն ուր էր այն գնում՝ անհայտ է: Արձանագրվել է 3-4 անցք, սակայն լճի հարևանությամբ ապրող բնակիչների կարծիքով, ոչ բոլոր անցքերն են հայտնաբերվել, անցքեր կարող են լինել նաև ջրի ծածկույթի տակ: Լճի չորացման ամենահավանական պատճառ կարող են լինել հենց այդ անցքերը:

Ջավախքի պահպանվող տարածքների կողմից Մադաթափա լճի հետազոտություն նախատեսվում է 2023-24 թվականներին (ներկայիս գիտական ​​հետազոտություններն իրականացվում են 5-10 տարի ընդմիջումներով)։

Հիմա լճում ձվադրման սեզոնն է, թռչունների մոտ 40 տոկոսը հենց Մադաթափայի կղզյակի վրա են ձվադրում։ Օգոստոս ամսին արդեն փոքրիկ ճուտիկներին դաշտերից ու կղզյակից մայրիկները լցնում են լիճ։

Այս թեմայով կարդացեք նաև՝

Մադաթափան չորանում է. լիճը կհետազոտեն մյուս տարի

Մյուս տարի Մադաթափա լճի առափնյա հատվածում ամբարտակ կկառուցվի

Մադաթափա լճում սկսվել է թռչունների ձվադրման շրջանը