Ինչպես արդեն մի քանի անգամ գրել ենք Նինոծմինդայի շրջանի Մադաթափա լիճը չորանում է։ Չորացած տարածքը բավականին մեծ է և ավելի շատանում է։ Jnews-ը դիմել էր Պահպանվող տարածքների գործակալություն՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում լճի չորացումը կանխելու համար:
Գործակալությունից JNEWS-ին դեռևս սեպտեմբեր ամսին հայտնել էին, որ լճի առափնյա հատվածում ամբարտակի կառուցման մրցույթն արդեն հայտարարված է: Աշխատանքները սպեցիֆիկ են՝ ելնելով կլիմայանա խիստ պայմաներից, սահմանափակ են նաև շինարարության ժամկետները: Այս փուլում գործակալության կողմից մշակվել է անհրաժեշտ տեխնիկական հանձնարարական և ընթացքի մեջ են նախագծային աշխատանքները:
Քանի որ լճի տարածքում աշխատանքներ չեն իրականացվում, JNEWS-ը կրկին դիմեց գործակալությանը, որտեղից այս անգամ պատասխանեցին հետևյալը.
«Այս տարի Պահպանվող տարածքների գործակալությունը ձեռք է բերել Մադաթափա լճում ջրի վերահսկողության ամբարտակի կառուցման նախագիծը և ծախսերի նախահաշիվը: 2023 թվականին շինարարության համար մրցույթ կհայտարարվի»:
Դեռևս 2019 թվականին լճի ափամերձ մասում հայտնաբերվել էին առեղծվածային, ստորգետնյա անցքեր, որտեղ հոսում է լճի ջուրը: Առեղվածը կայանում է նրանում, որ ջուրը հոսում է անցքերի մեջ, սակայն ուր էր այն գնում՝ անհայտ է: Արձանագրվել է 3-4 անցք, սակայն լճի հարևանությամբ ապրող բնակիչների կարծիքով, ոչ բոլոր անցքերն են հայտնաբերվել, անցքեր կարող են լինել նաև ջրի ծածկույթի տակ: Լճի չորացման ամենահավանական պատճառ կարող են լինել հենց այդ անցքերը:
Ջավախքի պահպանվող տարածքների կողմից Մադաթափա լճի հետազոտություն նախատեսվում է 2023-24 թվականներին (ներկայիս գիտական հետազոտություններն իրականացվում են 5-10 տարի ընդմիջումներով), որի արդյունքում. ըստ անհրաժեշտության՝ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալությունը մշտապես իրականացնում է գործակալության վարչակազմում ընդգրկված յուրաքանչյուր տարածքի և կենսաբազմազանության հետազոտություն և մոնիտորինգ։ Հետազոտությունների և մոնիտորինգի հիման վրա մշակվում է համապատասխան գործողությունների պլան: