Ախալքալաքում աշխատանքներ են տարվում փողոցների փոսային նորոգման ուղղությամբ: Առաջին հերթին վերանորոգվում են կենտրոնական (Ազատության փողոց) ճանապարհի ամենաշատ շարքից դուրս եկած հատվածները։ Մյուս փողոցները ևս կվերականգնվեն ըստ անհրաժեշտության։
Աշխատանքներն իրականացնող «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրենի խոսքով, եթե եղանակը թույլ տա, ապա աշխատանքները նախատեսվում է ավարտել շուտով։
«Մենք կոնկրետ տրված փողոցներ չունենք, մենք քաղաքապետարանից ենք հրահանգ ստանում, որտեղ ասեն արեք, այնտեղ էլ անում ենք: Ֆիքսված է աշխատանքների միայն ընդհանուր ծավալը: Արդեն սկսված հատվածները, եթե արև լինի, մենք կարող ենք ծածկել մեկ օրում»,- մեկնաբանում է Նոդար Ինասարիձեն։
Ախալքալաքի քաղաքապետարանից Jnews-ին հայտնեցին, որ վերանորոգման ենթակա տարածքները որոշվում են տարածքային ներկայացուցիչների կողմից։
«Աշխատանքներն իրականացվում են սահմանված նորմերի շրջանակներում՝ քանի տոննա ասֆալտ պետք է փռվի, քանի քառակուսի, մոտ 300 հազար լարիի: Հիմնական աշխատանքներն իրականացվում են կենտրոնական փողոցի այն հատվածներում, որտեղ արդեն ասֆալտը հանվել է, ընթացքում տարածքային ներկայացուցիչները նայելու են այլ փողոցներում և հնարավորության դեպքում այնտեղ նույնպես աշխատանքներ կիրականացնենք»,- մեկնաբանեց քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Հիշեցնենք, որ այս տարի փոսային նորոգման մրցույթը կայացել է առաջին անգամից։ Այն շահել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը 300 000 լարի նախնական գնով։ Աշխատանքները պետք է իրականացվեն ըստ պատվիրատուի տեխնիկական բնութագրերի: Աշխատանքները ներառում են վնասված ասֆալտբետոնե ծածկի հեռացում, աղբի հեռացում, խծապի կտրում և բիտումի լցում, կողքերից 0,6 կգ/մ² հեղուկ բիտումի քսում, այնուհետև ասֆալտապատ ծածկի վերին շերտի փռում: